Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եգիպտոսում հայերեն սովորողների թվի ավելացման հարցը քննարկել են Կահիրեի համալսարանում

 Եգիպտոսում հայերեն սովորողների թվի ավելացման հարցը քննարկել են Կահիրեի 
համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների դասախոս, համալսարանի հայագիտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուհեյրա Դուանին հունիսի 20-ին հանդիպել է Կահիրեում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանի հետ՝ քննարկելու կենտրոնի և հյուպատոսարանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոֆեսոր Սուհեյրա Դուանին հայտնել է եգիպտական «Ալ-յաում աս-սաբիա» («7-րդ օրը») պարբերականին, որ հյուպատոսի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր՝ համընդհանուր համագործակցության ընդլայնման, համատեղ համաժողովների կազմակերպման և Կահիրեի համալսարանի հայագիտության կենտրոնի ու Երևանի պետական համալսարանի միջև գործընկերության ամրապնդման տեսանկյունից՝ ընդգծելով, որ Հայաստանի հյուպատոսը նպատակ ունի ավելացնել հայերեն սովորողների թիվը Եգիպտոսում:

Հայագիտության կենտրոնը գործում է Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հովանու ներքո և հիմնադրվել է 2007 թ. հուլիսին: Կենտրոնի գերակա նպատակներից է ընդլայնել Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության շրջանակը մշակույթի և գիտության բնագավառներում՝ տարածելու հայկական մշակույթը այլ ժողովուրդների շրջանում:

Հայագիտության կենտրոնը ձգտում է երկու երկրների միջև մշակութային կամուրջ դառնալ ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի, ինչպես նաև լեզուների, գրականության, հումանիտար գիտությունների շրջանակներում համատեղ գիտական համագործակցության ընդլայնմամբ՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի ու Եգիպտոսի միջև մշակութային մերձեցման ավելի բարձր աստիճանի: Կենտրոնը նաև իր առջև նպատակ է դրել զարկ տալ հայերենից արաբերեն և արաբերենից հայերեն թարգմանություններին՝ հանուն երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am