Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Արցախի պետական նախարարի մոտ քննարկվել են համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական հարցեր


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը և տարբեր երկրների հետ աշխատանքներ իրականացնող պատասխանատուներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ աշխատանքային խորհրդակցությունը նվիրված է համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման և հյուրերի գիշերակացը ապահովելու համար կազմակերպչատեխնիկական հարցերը քննարկելուն:

«Մենք համապատասխան ժամանակամիջոցում պետք է կարողանանք աշխատանքներն այնպես իրականացնել, որ բացման հանդիսավոր միջոցառումն անցկացվի բոլոր չափանիշներին համապատասխան, այդ իսկ պատճառով՝ բոլոր գերատեսչություններին հորդորում եմ աշխատանքները կազմակերպել համակարգված և փոխգործակցության հիմքերի վրա»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ի. Զաքարյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերի համատեղ ջանքերի շնորհիվ է միայն հնարավոր բոլոր խնդիրների շուրջ ունենալ կիրառելի լուծումներ: «Այդ օրերին հանրապետության տարանցիկ ճանապարհները, քաղաքները, համայնքները պետք է տոնական տեսքով լինեն, աշխատանքներում պետք է ընդգրկենք մեծ թվով կամավորների, իսկ գիշերակացի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ պետք է օգտագործենք հնարավոր բոլոր տարբերակները»,- ասել Ի. Զաքարյանը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, պետնախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականեր։

Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ