Տնտեսություն

Նախարար Արշակյանը  քննարկել է Չինաստանի երկաթուղային կազմակերպության մասնակցությունը «Հյուսիս-հարավ»-ի կառուցմանը

2 րոպեի ընթերցում

Նախարար Արշակյանը  քննարկել է Չինաստանի երկաթուղային կազմակերպության մասնակցությունը «Հյուսիս-հարավ»-ի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպել է Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։Հանդիպմանը ներկա է եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ռեն Հոնգհենգը, նախարար Հակոբ Արշակյանին ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել է, որ այն Չինաստանի ամենամեծ շինարարական կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է ճանապարհաշինության, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում: Չինաստանում ներկայում կառուցված արագընթաց ճանապարհների 15 տոկոսից ավելին կառուցվել է իրենց ընկերության կողմից։ Ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև` եվրոպական։

Ռեն Հոնգհենգը ընդգծել է, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով, մասնավորապես, ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության աշխատանքներում։

Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից ներկայացման համար, մանրամասնել է «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման, մասնավորապես, Սիսիան - Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության առանձնահատկությունները, ընդգծել, որ այդ հատվածի կառուցման համար անհրաժեշտ է բարձր մասնագիտացում ունեցող ընկերություն։

«Հյուսիս-հարավը» դիտարկվել է որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի՝ Պարսից ծոցը Սև ծովին միացնող հատվածի մի մասը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։ Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ գործակցությունը կլինի արդյունավետ և հեռանկարային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում