Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Մայրաքաղաքում ցուցադրվեցին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու համայնքների սաների ձեռագործ աշխատանքները

Մայրաքաղաքում ցուցադրվեցին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու 
համայնքների սաների ձեռագործ աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) շահառու համայնքների` Արմավիրի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի արտադասարանային խմբակների 210 սանի ձեռագործ աշխատանքներ ներկայացվեցին Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

«Մենք ունենք յոթանասունից ավելի արտադասարանային խմբակ: Ձեռագործության խմբակներում երեխաներին սովորեցնում ենք ասեղնագործություն, փայտափորագրում, հելունագործություն, վիտրաժային արվեստ: Ցանկանում ենք, որ նրանք արվեստին մոտ լինեն, ստեղծագործեն, զարգանան, ժամանակի ընթացքում ինքնակատարելագործվեն և աշխատանքի շնորհիվ համբերատար դառնան»,-նշեց հիմնադրամի կրթական ենթածրագրի ղեկավար Մելինե Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ ցուցահանդեսը բաց կլինի երկու օր:

«Այդ օրերին չորս մարզից 200 աշակերտ է գալու մայրաքաղաք: Նման ցուցահանդեսները Երևանում կազմակերպելը մանկավարժական բնույթ ունի. երբ երեխան երկար ճանապարհ է անցնում, մարզից գալիս է Երևան ու թանգարանում տեսնում է իր աշխատանքը, ոգևորվում է, ավելի լավ գործեր ստեղծելու ցանկություն է ունենում»,-եզրափակեց Գրիգորյանը:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թվականից: Այդ ժամանակից սկսած զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]