Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը:

Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը:

Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո Գլեդիս Բերեջիկլյանը փորձել է զսպել արցունքները՝ հայտարարելով, որ Նոր Հարավային Ուելսն այն նահանգն է, որտեղ «երկար ազգանուն ունեցող կին գործիչը կարող է ընտրվել վարչապետի պաշտոնում»:

«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում:

Ընդդիմության առաջնորդ, Աշխատավորական կուսակցության ղեկավար Մայքլ Դելին թեպետ նշել է, որ ընտրությունների հայտարարված արդյունքները դեռևս վերջնական չեն, արդյուհաներձ զանգահարել և շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ևս արդեն շնորհավորել է ավստրալահայ գործչին և նրա թիմին ընտրությունների արդյունքում գրանցած «յուրահատուկ, կարգապահ և խիզախ հաղթանակի կապակցությամբ»:

Դեռևս հստակ չէ՝ արդյոք Բերեջիկլյանի կուսակցությունը մեծամասնական կառավարություն կկազմի, թե ոչ:

Նշենք, որ Գլեդիս Բերեջիկլյանը 2017 թվականից զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Բերեջիկլյանին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ