Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրային բաց լսումներում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները

Հանրային բաց լսումներում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի կատարած 
աշխատանքները և առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային բաց լսումներին, որոնց ժամանակ քննարկվել են Երևանի 2018թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքները և բյուջեի կատարման հաշվետվությունները, մասնակցել են անհատ քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Երկու շաբաթ շարունակ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեին առցանց ծանոթանալու և ներկայացնելու իրենց դիտողություններն ու առաջարկները Երևանի 2018թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվությունների մասին:

«Վերջին ամիսներին քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքները նկատելի են և գնահատելի: Սակայն քաղաքային խնդիրները միայն քաղաքային իշխանության ուսերին պետք է չլինեն: Մեզնից յուրաքանչյուրն իր չափով պետք է մասնակցի դրանց լուծմանը»,- նշել է քննարկման մասնակից Վահե Գարոյանը:

Պատասխանելով քաղաքացիների՝ վթարային շենքերի խնդրի վերաբերյալ հարցին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նկատեց, որ մայրաքաղաքում առկա ավելի քան 6000 բազմաբնակարան բնակելի շենքերից այս պահին առկա տեղեկատվությամբ 4-րդ կարգի վթարային է շուրջ 10-15 շենք:

«Այս խնդիրը քաղաքապետարանը միայն իր միջոցներով չի կարող ամբողջությամբ լուծել: Անհրաժեշտ են բավական մեծ միջոցներ: Առկա բնակարանային ֆոնդից առաջիկայում բնակարաններ կհատկացվեն Արցախի փողոցի  4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար: Ցավոք, դրանով, մեր բնակարանային ֆոնդը կսպառվի»,- նշել է Հայկ Սարգսյանը:

Անդրադառնալով կառուցված թեքահարթակների թերություններին՝ փոխքաղաքապետը  նկատեց, որ խնդրին քաջատեղյակ է և այդ իսկ պատճառով այս տարի ծրագրում հստակ նշվել են անհրաժեշտ բոլոր չափորոշիչները: Զգուշացվել են նաև շինարարական կազմակերպությունները: Լրացուցիչ առաջարկներ ունենալու դեպքում Հայկ Սարգսյանը խնդրեց դրանք փոխանցել աշխատակազմին:

Հանրային քննարկման ընթացքում քաղաքացիները ներկայացրեցին նաև քաղաքային տնտեսության վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Մասնավորապես, «Արդյո՞ք առկա են բյուջեում բավարար միջոցներ՝ վերելակային հիմնախնդիրը լուծելու համար» հարցի առնչությամբ փոխքաղաքապետն ընդգծեց, որ վերելակների պատշաճ շահագործման համար միջոցներ կան: Ինչ վերաբերում է վերելակների փոխարինման ծրագրին, ապա այն նախատեսվում է առաջիկա տարիների համար և այլ միջոցների ներգրավմամբ: Հարցերը նաև մշակութային միջոցառումների կազմակերպման, բակային տարածքների բարեկարգման, ստորգետնյա ավտոտնակների կառուցման և ապօրինի շինությունների քանդման մասին էին:

Քաղաքացիներից մեկն էլ առաջարկեց քաղաքի կենցաղային անվտանգության խնդրին ուշադրություն դարձնել:

Ամփոփելով քննարկումը՝ Երևանի փոխքաղաքապետը նկատեց, որ քաղաքային ծրագրերում այսուհետ կարևոր շեշտադրում է արվելու աշխատանքների որակին, ինչը տեսանելի կլինի նաև բնակիչների համար: Առաջիկայում հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի, այնուհետ Ավագանու քննարկմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am