Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երբ կարծրատիպերը կոտրվում են. 23-ամյա լեյտենանտ Գալինա Կարապետյանը ծառայում է հակաօդային պաշտպանությունում

 Երբ կարծրատիպերը կոտրվում են. 23-ամյա լեյտենանտ Գալինա Կարապետյանը 
ծառայում է հակաօդային պաշտպանությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալինա Կարապետյանը ծնվել և մեծացել է Գյումրիում: Ավարտել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը, ունի լեյտենանտի կոչում, այժմ ծառայում է հակաօդային պաշտպանության զորքերում:

Տարիներ առաջ, երբ նա որոշում կայացրեց ընտրել զինվորական ուղին, ընտանիքում, շրջապատում իրարացնում էր: Այդ ընտրությունը միանշանակ չընդունվեց:

«Տանը բնականաբար դեմ էին: Մանավանդ, որ ընտանիքում այդ ոլորոտում աշխատողներ չկային, կարծես, ամեն ինչ նորություն էր: Դրա համար ընտանիքիս անդամները չէին ցանկանում, որ զինվորական ուղին ընտրեմ: Ասում էին՝ աղջիկ ես ինչ գործ ունես, այնտեղ բոլորը տղաներ են, այլ մասնագիտություն ընտրի: Թեպետ դեմ էին, սակայն  չխոչընդոտեցին, և ես ընդունվեցի ավիացիոն համալսարան: Իմ ընտրությունը գիտակցված էր, շատ մեծ ցանկություն կար այս ոլորտում սովորելու ու ծառայելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գալինա Կարապետյանը:

Քանի որ ընտանիքում զինվորականներ չկային, հետաքրքրական էր, թե ով է ոգշնչել Գալինային, որ նա համառորեն որոշել էր իր ուսումը շարունակել այդ ճանապարհով:

«Կոնկրետ անձ չկա: Կարող եմ ասել, որ բոլոր նրանք են ոգեշնչել, ովքեր ծառայել են, ում մասին պատմություններ եմ լսել, Հայրենիքի հանդեպ նրանց նվիրվածությունն եմ տեսել: Կարևոր դեր է կատարել դպրոցում իմ ռազմագիտության ուսուցիչը: Ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ ծառայել Հայրենիքին, լինել լավ մասնագետ»,-ասաց Գալինան:  

Բարդ է եղել, թե համալսարանն ընդունվելու գործընթացը, թե արդեն սովորելու: Գալինան նշում է, որ ինքը պատկերացում չուներ, թե ինչպիսի ուսումնական գործընթաց, ինչ ծառայություն է սպասվում:  

«Ընդունվեցի և ամեն ինչ շատ լավ եղավ: Ինձ համար նոր բացահայտումներ եղան, նոր հետաքրքրություններ: Ուսումնական տարիները բարձրացրեցին իմ ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, բնավորություն կերտեցին: Դարձա ավելի ուժեղ, անկոտրում, դժվարություններին դիմակայող: Երբեք չի եղել մի պահ, որ փոշմանեմ իմ կատարած ընտրության համար»,-նշեց Գալինան: Հիշում է, որ սովորելու տարիներին թե աղջիկները, թե տղաները հավասար են եղել: Ցանկացած դժվար փուլում իգական սեռի ներկայացուցիչ լինելը առավելություն չի եղել:

Սովորելու տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու հտմություններն այսօր արդեն Գալինան գործնականում է կիրառում:

«Ծառայում եմ հակաօդային պաշտպանության զորքերում, շրջապատված փորձառու մասնագետներով, սպաներով: Նրանք ամեն պահի կողքիս են: Նրանց տեսնելով՝ կարող եմ ասել, որ մեր զինվորականները պատվով կատարում են իրենց առջև դրված խնդիները: Հայրենիքն ինձ համար սկսում է ընտանիքից, հետևաբար ընտանիքի համար էլ ամեն ինչ պետք է անել, որ նրանք խաղաղ երկնքի տակ ապրեն»,-հավելեց  Գալինա Կարապետյանը:

 Գալինան արդեն վեց ամիս է ծառայության բերումով գտնվում է ընտանիքից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա, այս որոշումը ևս ընտանիքը ծանր տարավ: Չնայած դրան, Գալինան ընդգծում է, կարևորը գործը սիրելն է և նվիրված աշխատելը:

«Եթե նպատակ ունես, ուրեմն պետք է առաջ գնաս, առանց նայելու խոչընդոտներին: Համառ աշխատանքով պետք է հասնել: Ուզում եմ շնորհավորել Բանակի օրվա առթիվ, մաղթել խաղաղ երկինք, որ ոչ մի թշնամի չկարողանա ներխուժել մեր սահմաններից ներս: Կարևորն ուժեղ լինենք, ու հասկանանք, որ մենք ենք պաշտպանելու մեր Հայրենիքը»,-ավելացրեց Գալինա Կարապետյանը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am