Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Երևանի քաղաքային մշակույթի զարգացումը պաստառային արվեստի միջոցով ներկայացվեց «Ելնում է մի նոր Երևան» ցուցահանդեսում


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 19-րդ դարի վերջից մինչ մեր օրերը Երևանյան կինոյին, թատրոնին, տարբեր համերգային ծրագրերին, փառատոներին վերաբերող, ինչպես նաև սոցիալական նշանակություն ունեցող պաստառները,  զետեղվել են «Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 15-ին Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունում:

«Երևանում ստեղծված պաստառները շատ-շատ են, բայց ցուցահանդեսը նվիրված է քաղաքամայր Երևանի հիմնադրմանը, ուստի փորձեցինք չհեռանալ թեմայից ու ներկայացնել գործեր, որոնք ներկայացնում են մեր կինոն, թատրոնը և մշակութային այլ իրադարձությունները: Շատ կցանկանամ, որ Երևանում էլ լինի պաստառների մշտական ցուցադրություն, ինչպես այլ երկրներում, քանի որ մեր քաղաքում ամփոփված է համաշխարհային տպագրության ամբողջ պատմությունը»,-նշեց նախագծի համադրող Զաքար Դեմիրճյանը:

Նա հավելեց, որ ցուցահանդեսում կարող ենք տեսնել բարձր, խորը տպագրության աշխատանքներ, լիտոգրաֆիա: Գործերն ընտրվել են տարբեր թանգարանների արխիվներից: 

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի խոսքով՝ պաստառային արվեստը կարծես թե Հայաստանում անտեսված էր ու հետընթաց էր ապրում: Նա շեշտեց, որ նախարարության նոր քաղաքականության համաձայն իրենք մեծ ուշադրություն են դարձնում հենց անտեսված արվեստի տեսակները վերակենդանացնելուն և այս ցուցահանդեսը նման առիթ ընձեռեց: «Ուրախ եմ, որ այստեղ մարդաշատ է: Նշանակում է, որ հասարակությունը նման միջոցառման պահանջարկ ունի»,-ասաց նա:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացրել Երևանի մշակույթի զարգացումը պաստառային արվեստի միջոցով՝ նախախորհրդային շրջանից մինչ մեր օրեր. երևանյան պաստառային արվեստն արձանագրել է մայրաքաղաքի մշակութային կյանքը, սոցիալական և քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչ է եղել, բարձրաձայնել է Երևանի խնդիրներն ու փորձել դրանց լուծումներ առաջարկել: 

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախաձեռնությամբ: Այն կգործի մինչև  փետրվարի 15-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ