Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայկական կոշիկն արտահանվում է ԵՄ

Հայկական կոշիկն արտահանվում է ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի եւ կաշվե արտադրանքի արտահանման ծավալը: 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաեւ դիզայներական նմուշներ։ Այս տվյալները ստացվել են «Բիզնես Արմենիա»-ի մասնագիտական հետազոտության արդյունքում: Իսկ ինչի՞ շնորհիվ է գրանցվել աճը թեթեւ արդյունաբերական այս ճյուղերում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բիզնես Արմենիա»-ից հայտնում են, որ նշյալ ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք սկսում են տալ իրենց արդյունքը: Դրա շնորհիվ Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու եւ զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180-միլիոնանոց շուկա դուրս գալու համար:
Պատրաստվել է նաեւ միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է, մասնավորապես, տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչությունները։
Հայկական կոշիկի ու կաշվե իրերի արտադրության զարկերակըկարծես նորից սկսում է տրոփել: Խորհրդային ժամանակներից կոշիկի արտադրության պիկը վաղուց մնացել է հիշողություն: Հայ կաշեգործությունը նախկին ներուժից շատ փոքր ծավալով շուրջ 2-3 տասնամյակ շարունակել է թողարկել հայրենական արտադրանքը՝ քիչ, բայց որակով: Ժամանակի ընթացքում կաշեգործության նոր ռազմավարության շնորհիվ պետական մակարդակով ուշադրություն դարձվեց ոլորտի ապագային: Ի հայտ եկան ձեռնարկություններ, որոնք հիմնեցին կոշիկի փոքրածավալ արտադրություն: Իսկ նախորդ տարի բոլորովին նոր հզորությամբ վերագործարկվեց Երեւանի կաշվի գործարանը՝ ծրագրելով կաշվե իրերի հայկական արտադրություն: Այսօր կան ընկերություններ, որոնք արտադրում են նաեւ կաշվե պարագաներ՝ պայուսակներ, գոտիներ, որոնք իրենց սպառումն են գտել ոչ միայն ներքին շուկայում:
Որակյալ եւ մրցունակ արտադրանքի եւ ինքնատիպ դիզայնի շնորհիվ շատ հայ արտադրողների համար միջազգային շուկան դարձել է հասանելի իրացման համար: Ամենամյա միջազգային ցուցահանդեսները եւս որոշակիորեն նպաստում են հայկական արտադրության տարբեր ապրանքանիշերի ճանաչելիության մեծացմանը: Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։ Այս տարի կաշվե իրերի արտադրության ծավալների եւ արտահանման էական աճ է արձանագրվել, սակայն ցուցանիշները դեռեւս գոհացնող չեն:
Առաջարկը ծնում է պահանջարկ: Այսպես են մեկնաբանում Գյումրիում հիմնված կոշիկի արտադրության սեփականատերերը:
Հումքի 70 տոկոսը ներկրվում է Իտալիայից, 30 տոկոսը Թուրքիայից, իսկ մի փոքր մասը՝ տեղական շուկայից են հայթայթում:
Հնարավոր է ընկերությունը հիմնի մասնաճյուղեր նաեւ Վանաձորում, Երեւանում եւ Հայաստանից դուրս: «Բաբիննի» կոշիկ արտադրող ընկերության տնօրեն Արտակ Մովսիսյանը պատրաստ է ընդլայնել արտադրանքը, որը նաեւ արտահանվում է ՌԴ եւ եվրոպական երկրներ: Իտալական հումքով, տեղական կարով «Բաբիննի» ընկերությունը գյումրեցի սպառողին է ներկայանում որակյալ կոշիկների նոր տեսականիով: Արդեն մի քանի տասնյակ աշխատատեղ է բացվել արտադրամասում:
Վերջին տարին արտադրության փոքր ծավալով, բայց հետաքրքիր դիզայնով աչքի են ընկնում հայրենիք վերադարձած սիրիահայերի կողմից բացված «Ավա շուզ» ընկերության կոշիկները։ Ընկերության տնօրեն, սիրիահայ Անդրանիկ Սաֆարը արտադրանքը «Ավա շուզ» ապրանքանիշով արտահանել է Արաբական Էմիրություններ, Բելգիա, Կանադա, սակայն այժմ արտահանումը ժամանակավոր դադարեցրել է: «ՀՀ–ի» հետ զրույցում ասաց, խնդիրներ կան, առայժմ արտադրում են միայն ներքին շուկայի համար, պատճառը ոչ մրցունակ գներն են: Նրա մատնանշմամբ, ներմուծվող հումքի մաքսատուրքը բարձրացնում է կոշիկի արտադրության ինքնարժեքը, իսկ արդեն պատրաստի արտահանված կոշիկը գնային առումով դադարում է մրցունակ լինել: Բացի այդ, ներկրված կոշիկի մաքսատուրքը ստացվում է ավելի էժան, քան տեղականի համար ձեռք բերված հումքը: Արդյունքում տեղական արտադրանքը ներքին շուկայում եւս դառնում է ոչ այդքան մատչելի:
«ԷլԿաԷռ» ընկերությունն արտադրում է կաշվե պայուսակներ, առայժմ արտահանման միակ շուկան ՌԴ-ն է, սակայն առաջիկայում նախատեսում է ընդլայնել արտահանման ուղղությունները:
Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի տնօրեն Միշա Ուլիխանյանը մարզակոշիկների արտադրության ծավալներից դժգոհ չէ, սակայն ըստ նրա, կարող էր ծավալն ավելին լինել: Մտաբերեց՝ ԽՍՀՄ տարիներին 100 000 զույգ կոշիկ էին տարեկան արտադրում, այսօր ֆաբրիկայի արտադրման հզորությունը նվազել է, կարողանում են ընդամենը 20 000 զույգ արտադրել, որի 30 տոկոսն այս տարի կարողացել են արտահանել:
Սպորտային կոշիկների որակն ու դիզայնը բավական բարձր են գնահատում արտերկրում: Սպառման շուկան այս տարի եղել է միայն ՌԴ-ն, սակայն տնօրենի վստահեցմամբ, եկող տարեսկզբին պայմանագիր է կնքվելու ԱՄՆ արտահանելու համար: Արդեն հստակ է, իրացման շուկաները լինելու են հայաշատ Գլենդելն ու Լոս Անջելեսը: Միշա Ուլիխանյանը նշեց, որ նախորդ տարիներին արտադրանքը կարողացել են արտահանել նաեւ Ֆրանսիա եւ Մարոկկո: Արտադրանքի ծավալները կարող էին կրկնապատկվել, սակայն նրա մատնանշմամբ, դարձյալ խնդիրը հումքն է, կոշիկի արտադրության մեջ կիրառվող նյութի թանկ գինը: Եղվարդում արտադրվող մարզակոշիկները կամ ինչպես ավելի հայտնի են՝ «Եղվարդի բոթասները», բավական որակյալ են եւ պատրաստվում են միայն բնական կաշվից:
Համեմատության համար նշենք, եթե 2015 թ. արտահանվում էր տեղական արտադրության կոշիկների միայն 20 տոկոսը, ապա վերջին երկու տարում արտահանման թիվը կրկնապատկվել է: Հայրենական արտադրողները լավատես են՝ ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, հումքը կդառնա մատչելի տեղական շուկայի համար:
Ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծ: Ի՞նչ է այն ենթադրում՝ կանդրադառնանք առաջիկայում:


Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]