Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Տասնմեկ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները


ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները խոսեցին Առաջին ալիքի եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում:

«Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք մեր աշխատողների աշխատավարձերը բարձրացնել՝ սկսած կառավարության անդամներից, ուսուցիչներից: Տնտեսության զարգացման համար մենք այսօր պետք է ներդրումային ծրագիր ունենանք: Այնպես պետք է անենք, որ ոչ թե մենք խնդրենք ներդնողին ներդրում անել, այլ մենք ընտրենք ներդրում անել ցանկացողների միջից»,- ասաց ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի համար կան կոնկրետ սահմանված չափանիշներ: Եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, ապա մենք պետք է նկատի ունենանք, որ կոռուպցիան եղել է  կառավարման հիմնական մեխանիզմ: Նախ` պետք է արմատախիլ արվի այդ մեխանիզմը, իսկ դրա հիմնական և առաջնային քայլը անցումային արդարադատությունն է ու հանցավոր համագործակցությանը պատասխանատվության կանչելը»,- նշեց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Անհրաժեշտ է ստեղծել միջազգային հետաքննչական մեխանիզմ՝ կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու, մեղավորներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար: Տնտեսության հետ կապված՝ 8 ամիսը բավարար է երկրի ռազմավարական զարգացման տեսլական, սոցիալ-տնտեսական ծրագիր ներկայացնելու համար, և մենք հույս ունենք, որ արտահերթ ընտրություններից հետո այդ ծրագիրը կլինի»,- նկատեց «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:

«Կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու լավագույն մեթոդը հզոր տնտեսություն ունենալն է: Նախ` տնտեսությունը պետք է ուժեղանա, ավելի շատ եկամուտներ բերի, ու այսօրվա կոռուպցիայի պարագայում այդ ցուցանիշը տոկոսով կիջնի: Երկրորդ՝ անհնարին է որևէ ճյուղ առանձին վերցված փորձել բարելավել, կոռուպցիան արմատախիլ անելու համար պետք է համակարգված աշխատեն բոլոր կառույցները: Մենք տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեցող երկիր կարող ենք դառնալ, եթե մեր ուժերը միավորենք այս երկիրը երկիր դարձնելու համար»,- նշեց «Մենք» դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը:

«Կոռուպցիան շատ լայն հասկացություն է: Այդ պատճառով դրա դեմ պայքարը պետք է լինի ոչ միայն համակարգային, այլև պետք է լինի կանխարգելիչ: Մենք պետք է դիտարկենք կոռուպցիան իր ամբողջ լայն սպեկտրով, և այստեղ շատ գործ ունենք անելու: Իհարկե, հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, եթե չիրականացվի քաղաքական և տնտեսական լյուստրացիա: Տնտեսությունը զարգացնելու համար մենք պետք է վայրենի վաշխառուական համակարգի վրա վերահսկողություն սահմանենք, որովհետև բանկերը ֆինանսը վերցրել են իրենց ձեռքը, և դա օգտագործում են զուտ գերշահույթ ստանալու համար»,- ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանը:

«Օրենսդրության պարզություն է պետք: ՀՀ օրենսդրությունը նման ոլորտներում նպաստում է կոռուպցիային: Պատժի անխուսափելիության մեխանիզմը պետք է աշխատի 100 տոկոսով: Արժեհամակարգը պետք է վերադառնա ու ազգային լավագույն ավանդույթները պետք է վերադառնան, այս բոլորի համախումբը կտա այն արդյունքը, որն ուզում ենք»,- նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի համար մեզ պետք է առողջ քաղաքական համակարգ: Մենք 7-րդ գումարման խորհրդարանում զբաղվելու ենք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծման լոբբինգ անելով, և այնպիսի շահերի բախման օրենսդրություն մշակելով, որ այն մարդիկ, ովքեր հստակ շահերի բախման մեջ են, չլինեն խորհրդարանում: Տնտեսական զարգացման մասին՝ մենք այնպիսի օրենսդրություն ենք մշակելու, որ գյուղացին լինի պաշտպանված»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:

«Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված, և այսօր կոռուպցիայի դեմ պայքարում աննախադեպ գործընթաց է ընթանում: Կոռուպցիայի դեմ հետագա պայքարի համար առաջին հերթին հարկավոր է քաղաքական կամք, և անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որ հակակոռուպցիոն ունիվերսալ առանձին մարմին գոյություն ունենա: Ինչ վերաբերում է տնտեսությանը՝ առաջինը 10 ամսվա տվյալներով Հայաստանում կա 6.6% տնտեսական աճ, արտահանումն աճել է 11%-ով: Զբոսաշրջությունն աճել է 8.8%-ով, գյուղմթերքի արտահանումն աճել է 61%-ով, ագրոմթերքի արտահանումն աճել է 8%-ով, և դեռ պետք է շարունակի աճել»,- նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք ուզում ենք իրական կոռուպցիայի դեմ պայքար տանել, պետք է հասկանանք, որ դա չի կարող կատարել կառավարությունը, դա պետք է կատարվի ինստիտուցիոնալ և անկախ մարմնի կողմից: Տնտեսության վերաբերյալ՝ տնտեսական մեր կարգը սոցիալական-շուկայական տնտեսությունն է՝ Սահմանադրությամբ: Սա է պետք կյանքի կոչել»,- ասաց ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը:

«Հայաստանում խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելն է: Կոռուպցիան սոցիալական երևույթ է, և նույնիսկ ամենախիստ ուժային մեթոդներով հնարավոր չէ այն արմատախիլ անել: Տնտեսության վերաբերյալ՝ հանրային կառավարման համակարգը հանդիսանում է միջավայր ձևավորող ազդեցիկ գործոն, այս կապակցությամբ մենք հանրային կառավարման համակարգի ուղղությունների վերաբերյալ գործունեություն կծավալենք»,- ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգված անել: Եթե անենք այնպես, ինչպես անում ենք, Հայաստանում ներդրումները զրոյին կմոտենան, որովհետև կապիտալը չի սիրում, երբ իրեն անընդհատ բզում ես: Այն օրենսդրությունը, որը կա հիմա« լավ հնարավորություններ է տալիս, հուսամ՝ դա ճիշտ կօգտագործվի»,- նշեց ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ