Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը կարծում է, որ իր հետաքրքիր ծրագիրը կարժանանա և՛ դերասանների, և՛ գեղարվեստական խորհրդի հավանությանը

Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը կարծում է, որ իր 
հետաքրքիր ծրագիրը  կարժանանա և՛ դերասանների, և՛ գեղարվեստական խորհրդի 
հավանությանը

 ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը թատրոնի դերասանական կազմին հորդորում է համագործակցել իր հետ և պատրաստվում է նրանց հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագիր ներկայացնել: Շահվերդյանը նպատակ ունի պահպանել թատրոնի բարի ավանդույթները, բայցև նորարարական լուծումներով բեմադրություններ իրականացնել, որոնք Համազգային թատրոնն առավել գրավիչ կդարձնեն թատերասերների լայն շրջանակի համար:

Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սուրեն Շահվերդյանի հետ:

- Պարոն Շահվերդյան, նախ՝ շնորհավորում ենք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Հարցազրույցներից մեկում նշել եք, որ արդեն ունեք  առաջիկա աշխատանքների ծրագիր, որը ցանկանում եք ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմին: Ե՞րբ եք պատրաստվում հանդիպել դերասանների հետ:

-Իմ հանդիպումը թատրոնի դերասանական կազմի հետ նախատեսում եմ դեկտեմբերի 4-ին: Հրավիրվելու է մեծ ժողով: Ներկայացնելու եմ ծրագիր, թե ինչպես եմ տեսնում թատրոնի զարգացումը, ապագան, բայց մինչ այդ հավաքում եմ գեղարվեստական խորհուրդ, որում կընդգրկվեն մասնագետներ ոչ Համազգային թատրոնից: Կներգրավվեն հայտնի թատերական գործիչներ, մասնագետներ գրականության, նորաձևության և այլ ոլորտներից, որոնք անմիջական կապ ունեն թատրոնի հետ և լավ գիտեն այն:

Իմ ծրագիրը, որը նախատեսվում է մեկ տարվա համար, ներկայացնելու եմ նաև խորհրդի անդամներին: Նրանք լինելու են դրա պահանջատուն: Մենք հաճախ ենք խոսում ժողովրդավարությունից: Այսպես, ստացվում է, որ ես միանձնյա չեմ կառավարելու թատրոնը, դա անում եմ մի խորհրդի հետ:

-Նշեցիք, որ հայտնի, ականավոր մարդիկ կլինեն խորհրդում… Երեկ թատրոնի դերասանները անընդհատ բարձրաձայնում էին այն փաստը, որ և՛ գեղարվեստական ղեկավար, և՛ թատրոնի տնօրեն նշանակելիս իրենց հետ չեն խորհրդակցել: Խորհրդի անդամներ ընտրելիս ստեղծագործական կազմի կարծիքը հաշվի առնելո՞ւ եք:

-Կարծում եմ, որ կարելի է հաշվի առնել նրանց կարծիքը, բայց խորհրդում այնպիսի մարդիկ են ներկայացվելու, որոնց թատրոնի դերասանները շատ են սիրում: Հանրությանը մոտ ապագայում կներկայացնենք խորհրդի անդամներին: Իհարկե, կքննարկենք ու հաշվի կառնենք դերասանների կարծիքը: Ինձ հետ կարելի է քննարկել ամենաանձնական խնդրից սկսած մինչև մասնագիտական դաշտում ծագած խնդիրները: Այդ առումով շատ բաց եմ, շատ ազատ և շատ հաղորդակցվող:

-Նախկինում Համազգային թատրոնի դերասաններից որևէ մեկի հետ համագործակցե՞լ եք:

-Այո: Ստեփան Ղամբարյանն ընդգրկված է «Տրամվայ «Ցանկություն» բեմադրության մեջ, որը Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում է: Այդ  նախագիծը շարունակվելու է: Մենք ընկերներ ենք և երեկվա քննարկումներից հետո  հանդիպել ենք: Ես դերասանների հույզերը հասկանում եմ, նրանք ունեն իրենց թեկնածուները, բայց թատրոնի պատմության մեջ դեռևս նախադեպը չի եղել, որ թատերախումբն ընտրի գեղարվեստական ղեկավարին: Հակառակն է եղել. ռեժիսորը կամ գեղարվեստական ղեկավարն է ընտրել ստեղծագործական խմբին:

-Դերասանական կազմը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ցանկանում է պահպանել իրենց թատրոնի դեմքն ու դիմագիծը, գեղագիտությունը, սարգսյանական ոգին, ավանդույթները: Դուք փորձելո՞ւ եք պահպանել այդ ամենը, թե՞ միտված կլինեք նորարարություններին, նոր գաղափարներին:

-Ըստ իս` Սոս Սարգսյանը միշտ կողմ է եղել նորարարություններին: Նա հաճախ էր խոսում այդ մասին և իր բեմադրություններում, դերակատարումներում իր ժամանակի համար նորարար էր ու հետաքրքիր: Եթե այսօր Սոս Սարգսյանն այս  թատրոնում լիներ, կամ ես հնարավորություն ունենայի խոսել նրա հետ, վստահ եմ, որ նա կընդուներ այն, ինչ ես կներկայացնեի: Նա տարիներ շարունակ ղեկավարել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, եղել է դրա սյուներից մեկը, և ինստիտուտի բոլոր շրջանավարտները կրում են Սարգսյանի ազդեցությունը: Նրա ավանդը  թատերական աշխարհում տարածվում է բոլորի վրա:

Չի կարելի այդ տաղանդավոր, հանճարեղ թատերական գործչի գեղագիտությունը, նրա արածը նեղացնել, սահմանափակել: Չգիտեմ, թե որքանով եմ կարողանում միտքս փոխանցել ձեզ, բայց պետք է կրկնեմ, որ Սոս Սարգսյանն այնքան բազմաշերտ էր, որ նրան սահմանների մեջ դնել պետք չէ: Նա միշտ նշել է, որ թատրոնը պետք է լինի արդիական, ժամանակին համահունչ: Հետևաբար, սահմանափակվել և ասել, որ Սոս Սարգսյանն ուներ այդ տեսակը և վերջ, դա այդ մեծությանը մի փոքր նույնիսկ նեղացնելու միտում է: Նա իսկապես մեծ էր… Շատերը նրան ճանաչում են այն ֆիլմերով, որտեղ Սարգսյանը ոչ միայն իմաստուն հայ տղամարդու կամ պապիկի է մարմնավորում, այլև այլ դերակատարումներով: Այդպիսին է Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ժապավենը: Այդտեղ Սարգսյանը հրաշալի է կերտել Գիբարյանի դերը:

Իմ նպատակը Համազգային թատրոնի շուրջ հանրության ավելի լայն շրջանակներում հետաքրքրություն առաջացնելն է: Իհարկե, ես պահպանելու եմ այն, ինչ թատրոնն ունի. տեսել եմ հետաքրքիր ներկայացումներ, ոճ: Կլինեն տարբեր բեմադրություններ և՛ նախկին ոճով, և՛ գերժամանակակից:

Համազգային թատրոնում  բեմադրություններ է անելու ոչ միայն Սուրեն Շահվերդյանը, այլև այլ ռեժիսորներ՝  ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից, որոնք իրենց ձեռագիրն ու իրենց տեսակի թատրոնը կհրամցնեն: Թատրոնը չի կարող անընդհատ նույնը լինել, այն պետք է զարգանա նաև արտերկրում ստեղծագործող մարդկանց հետ շփումներով: Միգուցե մեծամիտ հնչի, բայց ցանկանում եմ արտահայտվել: Ինչո՞ւ ես տեղում չեմ դոփում, որովհետև արտերկրում համագործակցում եմ տարբեր թատերախմբի հետ, և նրանք իմ կարիքն ունեն: Փորձի փոխանակումը բերում է համակողմանի զարգացման:

-Պարոն Շահվերդյան, այնուամենայնիվ, թատրոնի ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից:

-Երեկ տեղեկացա, որ թատրոնի դերասանական կազմը գործադուլը սկսել է նոյեմբերի 13-ից: Թատրոն է հրավիրվել ռեժիսորի, որը ներկայացում է անում, բայց դերասանները չեն հաճախում փորձերին ու չեն կատարում իրենց պարտականությունները: Դեկտեմբերի 13-ին գործադուլի վերջնաժամկետը կլրանա: Թատրոնում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հարթելու վերաբերյալ մի քանի տարբերակ ունեմ, որոնք քննարկվել են շատ լուրջ մարդկանց հետ, հավանության արժանացել, բայց այս պահին չակերտները չեմ բացի: Ես հորդորում եմ թատրոնի դերասաններին (որոնք, ի դեպ, ինձ հետ կապի մեջ են մտնում և լուծումներ են փնտրում, ինչի համար նրանց շնորհակալ եմ) փորձել լեզու, տարբերակ գտնել և շարունակել աշխատել:

Երեկ ուսումնասիրում էի հաստիքները և տեսա, որ կան շատ դերասաններ, որոնք  երեք վայրում են աշխատում, այսինքն, եթե մենք նրանց փոխարինենք այն դերասաններով, որոնք այսօր աշխատանք չունեն, իսկ նրանք շատ են, Համազգայինի դերասանները կաշխատեն մյուս աշխատավայրերում: Կգան նորերը, և կստեղծվի նոր խումբ: Սա ինձ համար ծայրահեղ միջոց է, և ես  թատրոնի դերասաններին կրկին հորդորում եմ ինձ հետ աշխատել, քանի որ իմ ծրագիրը հետաքրքիր է, և, կարծում եմ, այն հավանության կարժանանա և՛ դերասանների, և՛ գեղարվեստական խորհրդի կողմից:

-Ի՞նչ կասեք Վիգեն Չալդրանյանի հետ համագործակցության մասին:

-Վիգեն Չալդրանյանն ուղղակի թատրոնի ղեկը հանձնում է ինձ և ասում, որ հավատում է ինձ ու գնում է այն ճանապարհով, որով գնում եմ ես: Նա ցանկանում է` միասին ստեղծենք թատրոն, որը կլինի արժանապատիվ, արժանավայել, հետաքրքիր և հաճախելի:

Չալդրանյանը մի արվեստագետ է, որը հայտնի է աշխարհում և, որը ձայն ունի, որին հարգում են, լսում և սիրում:

… Իմիջայլոց, երեկ խոսել եմ նաև թատրոնի նոր շենքի շինարարներից մեկի հետ, և նա հավաստիացրեց, որ խոստացված ժամկետներում շենքը կհանձնվի շահագործման:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]