Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

ՓՄՁ ներկայացուցիչներն առանձնացրին բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրները


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտող հանգամանք են համարում մասնագետների պակասը, կրթության ցածր մակարդակը և հարկային բարդ քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին «Ամերիաբանկ»-ի կազմակերպած «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Տրիադա Ստուդիո» ՍՊԸ տնօրեն, համահիմնադիր Արա Աղամյանը  նշեց, որ իրենց կազմակերպության համար ամենաարդիական խնդիրը համապատասխան կադրերի բացակայությունն է, որոնք չեն պատրաստվում բուհերի կողմից:

«Աշխարհը արագ փոխվում է  և անընդհատ նոր մասնագիտություններ են գոյանում, սակայն բուհերը այդ նոր իրողությունների հետևից  չես հասցնում, և, փաստացի, մեր կազմակերպությունում աշխատակիցների մեծամասնությունը ինքնուս է սովորել, օրինակ` խաղի արտադրության ոլորտում: Մեզ համար ամենահիմնական  խոչընդոտներից մեկը որակյալ մասնագետների բացակայությունն է»,- ասաց Աղամյանը:

«Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանի կարծիքով`  ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող գլխավոր խնդիրներից մեկը կրթության հարցն է:

«70 տարի Խորհրդային Միությունում բիզնեսով զբաղվելու պատճառով  մարդիկ քրեական պատասխանատվության էին ենթարկվում: Բնականաբար, այդ մթնոլորտում  գործարարները չէին կարող աճել: Այն ջիղը, որ կար 20-րդ դարի սկզբում ձեռներեցության ոլորտում, կուլակաթափ արվեց: Մարդիկ անկախությունից հետո շարունակեցին անել այն, ինչ դրանից առաջ սովորել էին: Իսկ ինչ ենք սովոր անել խորհրդային շրջանում` մենք սովորել ենք միայն արտադրել: Այսինքն` մարքեթինգի, փաթեթավորման  և այլ կարիքներ չենք ունեցել: 20-21-րդ դարում բիզնեսը առանց այդ բաժինների դժվար է պատկերացնել»,- ընդգծեց Միրաքյանը:

Նրա խոսքով` ստեղծվել է մի իրավիճակ, երբ բիզնեսը կարող է ամեն ինչ անել, բայց իր հնարավորությունները չի օգտագործում:

«Մարդիկ Հայաստանում պետք է պատկերացնեն, որ բիզնեսը ոչ միայն արտադրելն է, այլ, առաջին հերթին, վաճառելն է և մարքեթինգը»,- եզրափակեց Միրաքյանը:

«ԲԻ-ԴԻ-Օ  ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» ՓԲԸ ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանի դիտարկմամբ` ՓՄՁ-ների համար հարկային քաղաքականության խոշոր փոփոխություն է նախատեսվում է, այն է՝ տարատեսակ հարկային ռեժիմները հավաքվելու են մի տեղ և ավելի այն պարզեցվելու է:

«Ինչքան պարզ հակային քաղաքականություն, այնքան լավ, որովհետև ժամանակն է վերացնել բիզնեսի համար այդ խայտաբղետ պատմությունը»,- ասաց Չիլինգարյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ