Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան


 ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության կազմը փոխվելու է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու: «Այսօր ունենք 17 նախարար: Ընտրություններից հետո ունենալու ենք շատ ավելի քիչ թվով նախարարներ: Նախարարների գործառույթային մասով ևս փոփոխություններ են տեղի ունենալու, ընդլայնվելու է պատասխանատվության աստիճանը»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեությունն անհրաժեշտ է գնահատել ըստ առաջադրված խնդիրների: «Մենք ունենք իրավիճակ: Ես չգիտեմ այս իրավիճակը աննախադեպ է, թե աննախադեպ չէ, համենայն դեպս շատ տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, երբ որ քաղաքական ուժը քաղաքական թիմը կամ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները, որը պետք է լուծեր: Դուք կարո՞ղ եք գտնել նախադեպ, երբ երկրում հեղափոխությունից վեց ամիս անց մենք ունենք ոչ միայն այսպիսի մակրոտնտեսական և քաղաքական կայունություն, ինչպես մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում»,-նշեց նա: Վարչապետը կառավարության գործունեությունը արդյունավետ գնահատեց՝ հավելելով, որ կառավարությունն ունեցել է լուծելու խնդիր և լուծել է այդ խնդիրը: «Կառավարության խնդիրը եղել է պատրաստվել տնտեսական հեղափոխությանը, ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր ներկայացրած նախագիծը հնգամյա է եղել, և դա չի եղել երեքամսյա ծրագիր, նաև կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում: Այդ առումով կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրը 100 տոկոսով»,-ընդգծեց Փաշինյանը և հավելեց. «Սա չի նշանակում, որ կառավարությունն իր գործունեությունն անթերի է իրականացրել, սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների, ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես որևէ փուլում գոհ չեմ եղել իմ աշխատանքից և գոհ չեմ լինելու»,-ասաց նա:

Անդրադառնալով նախարարների անվան շուրջ տարածվող կեղծ լուրերին՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ փաստեց, որ նոր նախարարները կոռուպցիայի փորձ չունեն: «Այն պաշտոնյան մեր իշխանությունից, ով կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է և ամենախիստ պատժին կենթարկվի, որին նույնիսկ չեն արժանանա էն «քյոհնա կոռւպցիոներները»,-հավելեց վարչապետի պաշտոնակատարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ