Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Արա Աբրահամյանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկացած պարագայում պատրաստ է օգնել և նպաստել Հայաստանի զարգացմանը: Նա այս մասին նշեց լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով այն հացին, թե արդյոք Հայաստանում նոր բիզնես ծրագրեր սպասվում են:

«Գիտեք, որ ես որոշ խնդիրներ ունեի, դատական գործընթացներ էին գնում՝ իմ կողմից ձեռք բերված տարածքների հետ կապված: Չնայած ես երրորդ կողմ եմ, աճուրդ է եղել, ես էլ գնել եմ…ամեն դեպքում, հիմա դատական գործընթացներ վերսկսվել են: Ես 100 միլիոնից ավելի ներդրում եմ կատարել, ուզում էի ցույց տալ, որ Հայաստանը երկիր է, որտեղ պետք է ներդրումներ կատարել: Հիմա դատական գործընթացները վերաբացվել են, ես դա չեմ կապում նոր իշխանությունների հետ: Պարզապես, ես չեմ հասկանում, որքան կարող է սա ձգձգվել: Հյուսիսային պողոտայում շենքեր ունեմ, որոնք վարձակալել, գնել ցանկացողներ կան, սակայն, հիմա դատական գործերով պայմանավորված, չեմ կարող վաճառել կամ տալ վարձակալության»,- ասաց Արա Աբրահամյանը:   

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք նա պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արա Աբրահամյանը նշեց, որ անձամբ չի պատրաստվում մասնակցել:

«Այո, 2016 թվականին պատրաստվում էի մասնակցել ընտրություններին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չարեցի: Հիմա ես կենտրոնացած եմ իմ ունեցած խնդիրների վրա: Ես անձամբ չեմ մասնակցելու ընտրություններին, բայց բոլոր ժամանակներում ես մասնակցել եմ որպես հասարակական գործիչ, և իմ նպատակը մեկն է՝ նպաստել Հայաստանի կայունությանը, զարգացմանը: Եթե հնարավորություն ունենամ, անկախ նրանից, թե ով է իշխանությունում,  կանեմ առավելագույնը մեր երկրի համար»,-ընդգծեց Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանը նշեց, որ շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նա Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր համարեց երկրի կայունությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ