Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԲԴԽ-ն հանդիպել է «Արդարադատության վերաբերյալ հարցման» Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի թիմի հետ

ԲԴԽ-ն հանդիպել է «Արդարադատության վերաբերյալ հարցման» Եվրոպական 
հանձնաժողովի և Համաշխարհային բանկի թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով  Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ ներկայացնելու «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի նպատակներն ու համագործակության հնարավոր եզրերը, ծանոթանալու այն առանձնահատկություններին, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանում ծրագիրն իրականացնելիս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպմանը մասնակցում էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ աշխատակազմի ղեկավար Կարեն Փոլադյանը, Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Ջորջիա Հարլին, կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, արդարադատության բարեփոխումների փորձագետ Մարիա Մատիչը և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ, գերմանացի դատավոր Յան Փեթրին:

«Արդարադատության վերաբերյալ հարցումն» իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ,  Արևելյան գործընկերության 2020 թվականի 20 արդյունքների 10-րդ արդյունքի համատեքստում: Ընդգրկված է Արևելյան գործընկերության և Բալկանյան 12 երկիր:

Հարցման նպատակն է պարզել դատաիրավական համակարգի արդյունավետությունը, մատչելիությունը, արդարության որակը, բարեվարքությունը և մի շարք այլ հարցադրումներ: Թիրախային խմբում դատավորներն են, դատախազները, դատարանի և դատախազության աշխատակիցները, փաստաբանները, քաղաքացիներ, ովքեր երբևէ առնչություն են ունեցել դատաիրավական համակարգի հետ և նաև այդպիսի առնչություն չունեցող քաղաքացիներ, իրավաբանական անձինք: Ծրագրի պատասխանատուների համոզմամբ՝ այս տարբերակումը շատ կարևոր է: Այն թույլ կտա համեմատական տանել արդարադատության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումների միջև, քանզի շատ հաճախ դատաիրավական համակարգի մասին մարդիկ պատկերացում են կազմում լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության միջոցով, ինչը ոչ միշտ է ձևավորում օբյեկտիվ պատկերացում:   

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Յան Փեթրիի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանը և Եվրամիությունը երկարամյա գործընկերներ են, և ծրագրի նկատմամբ կա երկկողմանի հետաքրքրվածություն՝ ընդլայնելու դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում համագործակցությունը: Եվ այսօր Հայաստանում քաղաքական միջավայրն այնպիսին է, որ հասունացել է պահը նման հարցում իրականացնելու  համար:

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին նկատեց, որ համամիտ է իր գործընկերոջ այն դիտարկման հետ, որ քաղաքական մթնոլորտն ավելի բարենպաստ է այդպիսի սոցիոլոգիական հետազոտական աշխատանք իրականացնելու առումով: Միևնույն ժամանակ սակայն պետք է նկատել, որ այսօր քաղաքական մթնոլորտում կան կարծիքների և ակնկալիքների բևեռացումներ, որոնք կարող են ազդել հարցման մասնակիցների կամահայտնության վրա: Չի բացառվում, որ այդպիսի ազդակ ընկալվի    նաև   անցումային արդարադատության գաղափարը: Այլ կերպ ասած՝ քաղաքական մթնոլորտը միանշանակ գնահատել հնարավոր չէ: Գևորգ Դանիելյանը նաև ներկայացրեց, որ Եվրոխորհրդի հայաստանյան գրասենյակը նախկինում նման սոցիոլոգիական հարցում իրականացրել է: Այդ տվյալները դրվել են Բարձրագույն  դատական խորհրդի կողմից մշակված դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի հիմքում, իսկ ծրագրի պատասխանատուներին խորհուրդ տվեց այս  փուլում առկա որոշ առանձնահատկությունները հաշվի առնել հետազոտության մեթոդաբանությունը մշակելիս և ճիշտ հարցաշար ընտրել: Նա նաև հույս հայտնեց, որ աշխատանքները հաջող կընթանան, և Խորհրդի կողմից կլինի հնարավոր աջակցություն՝ տեխնիկական կամ խորհրդատվական բնույթի:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ, գերմանացի դատավոր Յան Փեթրին ևս անդրադարձավ անցումային արդարադատության հետ կապված խնդրին: Ըստ նրա՝ այս հարցում կա երկու ուղղություն: Մեկն արդարադատության ոլորտի բարեփոխումների քայլ առ քայլ, աստիճանական  բարեփոխումներն են, որոնք բավական տևական ժամանակ են պահանջում և ավելի արդյունավետ են, մյուսը՝ կտրուկ փոփոխությունների տարբերակն է: Հաճախ կարծիք կա, որ երկրորդ տարբերակը դրական առաջընթաց ապահովելու ճիշտ ճանապարհն է, մինչդեռ բազմաթիվ երկրներում այդ փորձը ձախողվել է: Վերջինիս կարծիքով՝ դատաիրավական համակարգի կտրուկ փոփոխությունների տարբերակի ընտրության պարագայում պետք է առավել զգուշավորություն ցուցաբերել:

Հանդիպման ավարտին՝ Համաշխարհային բանկի թիմի անունից Ջորջիա Հարլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ դատական իշխանության հետ կլինի կառուցողական համագործակություն, և այս հետազոտությունն ընդամենը քայլերից մեկն է՝ հետագա փոխգործակցության ճանապարհին:

«Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի 2019 թվականի գարնանը, և բարեփոխումների շարժողունակությունը պարզելու համար Համաշխարհային բանկի թիմը նախատեսում է այն իրականացնել պարբերաբար՝ 3 տարին մեկ:   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am