Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անօրինական ունեցվածքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը  հաջորդը «չբացահայտված ունեցվածքի օրդեր» կիրառի Ադրբեջանի նախագահական ընտանիքի կնատմամբ, քանի որ Լոնդոնում թանկարժեք գույք ունեցող ադրբեջանցիների ցանկում է գտնվում նաև Ադրբեջանի առաջին ընտանիքը, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:

Գործակալության հրապարակման համաձայն՝ Transparency International-ից հայտնել են, որ բրիտանական կողմին տվյալներ են տրամադրվել ադրբեջանցիների անօրինական ունեցվածքի մասին, և, մասնավորապես, ընդգծվում է Ալիևի ընտանիքի անօրինական ունեցվածքը:

Մեծ Բրիտանիան «չբացահայտված ունեցվածքի օրդերը» առաջին անգամ կիրառել էր Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կնոջ՝ Զամիրա Խադիջևայի ունեցվածքի  նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը, 2018թ․սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով, պահանջել էր բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի և նրա կնոջ՝ Զամիրա Խադիջևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Գործակալությունը պահանջը ներկայացրել է տարեսկզբին, և գործի վերաբերյալ դատավարություն է սկսել, սակայն պատասխանող կողմի տվյալները հրապարակվել են միայն 2018թ․հոկտեմբերին։

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը՝ Զամիրա Խադիջևան վարել է շքեղ ապրելակերպ։

Փաստաթղթերում տեղ գտած տվյալներով՝ նա 10 տարվա ընթացքում միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինգ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք։

Խադիջևների ունեցվածքի շուրջ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ուսումնասիրել երկրի տարածքում բնակվող այն անձանց ակտիվները, որոնք կասկածվում են քրեական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև եվրոպական տնտեսական տարածությունից դուրս գտնվող ազդեցիկ քաղաքական գործիչների ակտիվները։

Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Խադիջևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ  արժողությամբ, Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։

Դատարանից ստացված տեղեկության համաձայն՝ եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնանոց դրամական միջոցների և անշարժ գույք ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ