Ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքը հայրենիքում հաստատվելու նպատակով ժամանել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայան հոկտեմբերի 10-ին ժամանեց ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքն իրենց երկու երեխաների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սփյուռքահայ ընտանիքը որոշել է գալ Հայաստան` երկրում հաստատվելու նպատակով: Նրանք արդեն տուն են գնել Երևանում, իսկ 13 տարեկան Գայանեն և 10 տարեկան Արսենը պետք է սովորեն «Այբ» դպրոցում:
«Շատ ուրախ ենք, երկար ժամանակ է , ինչ սպասում էին այս օրվան: Մենք երկար ժամանակ մտածում էինք գալ Հայաստան և , հնարավոր է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը վերջին կետն էր մտածելու` էլ ինչի ենք սպասում»,- ասաց Արա Աղաջանյանը:
Հարցին` կան արդյոք մտավախություններ, որ Հայաստանում կարող են դժվարությունների առջև կանգել, Մարինե Օգանեսյանը պատասխանեց, որ կան, իհարկե, մտավախություններ, սակայն հույս ունեն, որ կկարողանան հաղթահարել:
« Վերջին փոփոխություններից հետո մտածում ենք, որ կարողանալու ենք ավելի հեշտ հաստատվել և հույս ունենք, որ երեխաներն իրենց ապագան այստեղ կարող են տեսնել»,- նշեց Մարինա Օգանեսյանը: Նրա խոսքով` Ավստրալիայում կան մի քանի ընտանիքներ, ովքեր հետևում են իրենց, և եթե իրենք կարողանան հաջողություն ունենալ, նրանք նույնպես կգան:
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Աղաջանյանն ասաց, որ իրեն տեսնում է դրանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
«Առաջին մի քանի շաբաթը լուծելու ենք երեխաներին դպրոց տեղավորելու խնդիրը, և դրանից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կպլանավորենք մեր ծրագրերը»,- ասաց Աղաջանյանը:
Աղաջանյանը ցանկանում է, որպեսզի իր երեխաները մեծանան Հայաստանում, որովհետև կարծում է,որ այստեղ ավելի ապահով է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում