Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Շախմատի տղամարդկանց հավաքականում ամենահաջողը ելույթ է ունենում Հայկ Մարտիրոսյանը. Գագիկ Հակոբյան


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 43-րդ շախմատային Օլիմպիադայում շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ամենահաջողը ելույթ է ունենում թիմի նորեկ, Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի և Հայաստանի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Հակոբյանը: «Հայկ Մարտիրոսյանը վերջին տարիներին բարձր արդյունքներ է ցույց տալիս: Անցյալ տարի դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն, իսկ այս տարի ավելացրեց իր հաղթանակների քանակը, նվաճեց Հայաստանի տղամարդկանց չեմպիոնի կոչումը, և իրավունք ստացավ առաջին անգամ  հանդես գալու համաշխարհային Oլիմպիադայում: Կարելի է ասել՝ հավաքականի 5 անդամներից ամենահաջողը հանդես է գալիս Հայկ Մարտիրոսյանը»,-փաստեց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` համեմատած վերջին տարիների կորցրածի, այս անգամ հույսեր կան, որ  հավաքականները կվերադարձնեն այն, ինչին արժանի է եղել հայկական շախմատը տարիներ առաջ:

«Կանանց թիմի հաջող ելույթների պատճառներից մեկն այն է, որ թիմը թարմացավ: Վերջին 2 խաղատախտակների վրա հանդես են գալիս մեծ փորձ չունեցող, բայց երիտասարդ, խոստումնալից շախմատիստներ: Մեր շախմատիստների տարիքը գնալով ծերանում էր, և թիմի հնաբնակներից մնացել են միայն երկու ամենափորձառուները և  ամենատաղանդավորները՝ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը»,-եզրափակեց մասնագետը:

43-րդ շախմատային Օլիմպիադայում 9-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: Նույնքան՝ 15-ական միավոր ունեն նաև ԱՄՆ, Չինաստանի, Անգլիայի ընտրանիները: Առաջատարը 16 միավորով Լեհաստանն է: Կանանց թիմը 3-րդ տեղում է վաստակած 15 միավորով: 15 միավոր ունեն Ուկրաինան ու ԱՄՆ-ն: Առաջատարը Չինաստանն է 16 միավորով:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ