Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Աշխատանքային միգրանտների կացության կարգավիճակի հարցը կքննարկվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում  Կողմերի քաղաքացի աշխատանքային միգրանտներին կացության իրավունքի  տրամադրմանն  էր ուղղված այսօրվա հանդիպումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի նախօրեին։ Նախնական հանդիպման ընթացքում ԵԱՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովն առաջարկեց երկարաժամկետ՝ 1 տարուց ավելի տևողությամբ աշխատանքային պայմանագրերի առկայության պարագայում միգրանտին շնորհել կացության իրավունք։
«Այդպիսով կարող ենք տվյալ պետության քաղաքացիներին գրեթե համահավասար իրավունքներ ապահովել նրանց համար և խուսափել աշխատանքային պայմանագրի ընթացքում սահմանը հատելու հետևանքով պահանջվող թղթաբանությունից»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից, ասաց նա։
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ  Արմեն  Ղազարյանը  կարևորեց  տվյալ   նախաձեռնությունը   ՀՀ  քաղաքացի  աշխատանքային միգրանտների  իրավունքների  պաշտպանության  տեսանկյունից:  Ծառայության  պետի  տեղակալ Իրինա Դավթյանն ու ՀՀ Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը  ներկայացրին  տվյալ  խնդրի  իրավական  կարգավորումը Հայաստանում։ «Ժամանակավոր կացության կարգավիճակի երեք տարբերակ կա ՀՀ-ում՝ 1 տարով, 5 և տասը տարիներով»,-ներկայացրեց Գ. Զարգարյանը։ «Աշխատանքային միգրանտը   կարող  է  1 տարով և  մեկ  անգամ երկարացնելու հնարավորությամբ  ժամանակավոր կացության իրավունք  ստանալ»,-ավելացրեց Ի. Դավթյանը՝ բարձրացնելով նաև կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր   ունեցող    աշխատանքային  միգրանտներին  նույնպես  կացության կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության հարցը ։
ՄԱԿ միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը, ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը,  գործակալության  աշխատանքային  միգարցիայի բաժնի պետ  Գագիկ  Թորոսյանը, անկախ փորձագետներ Ռուբեն Եգանյանը, Ալինա Պողոսյանը հետաքրքրող հարցերն ուղղեցին ԵԱՏՀ անդամներին, հարցը դիտարկեցին ազգային անվտանգության, ինչպես  նաև  մարդու իրավունքների  պաշտպանության   տեսանկյուններից, ներկայացրեցին արտագնա աշխատանքի հայաստանյան առանձնահատկությունները՝ սեզոնային, կարճաժամկետ, բայց ոչ սեզոնային և երկարաժամկետ միգրացիան  ու դրանց ընդհանուր միտումները։  
Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա խորհրդատվական կոմիտեի  6-րդ նիստը, որին կմասնակցեն նաև ԵԱՏՄ անդամ պետություններ Բելառուսի Հանրապետության,  Ղրղզստանի,  Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների ներկայացուցիչները: Նիստի  օրակարագում  ի  թիվս  այլ հարցերի կքննարկվեն նաև «ԵԱՏՄ-ի մասին» 2014թ. մայիսի 19-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կողմերի պետությունների ներկայացրած առաջարկությունների հետ կապված հարցեր:
 
 
 
 
 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ