Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Ի հեճուկս առկա որոշ վատատեսության, մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը


ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փայլուն գործընկերային հարաբերություններ. այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նա նախ շնորհավորեց Ռուսաստանի ղեկավարին Մոսկվայի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է այցելել ՌԴ մայրաքաղաք նման ջերմ մթնոլորտում։ Վարչապետի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների հաճախակիությունը վկայում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հատուկ բնույթի մասին։

«Ի հեճուկս թե հայկական, թե ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա որոշ վատատեսության, պետք է նշել, ո մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով։ Կարծում եմ, որ մեր գլխավոր նպատակը ու խնդիրն է՝ փորձել բացել հարաբերությունների ողջ ներուժը»,- ասաց Փաշինյանը։

Նա, մասնավորապես ընդգծեց, որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար կապերի ամրապնդման ոլորտներում։

«Մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր։ Վստահ եմ, որ դրանք կլուծվեն՝ հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունների հետաքրքրությունները, հարգելով երկրների սուվերենությունն ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքը։ Շատ ուրախ եմ, որ մեր ռուս գործընկերներն ամեն անգամ մեր հարաբերությունների մասին խոսելիս ընդգծում են այս սկզբունքային հարցերը»,- հայտարարեց Փաշինյանը։

ՌԴ նախագահը ևս ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը՝ նշելով, որ դա երևում է երկկողմ հարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում։ «Ներկայում մեր հարաբերությունները զարգանում են ակտիվորեն բոլոր ուղղություններով, այդ թվում և քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական ակտիվության ոլորտներում»,- ընդգծեց Պուտինը։

Լրատվամիջոցների համար կարճ հայտարարություններից հետո կողմերը շարունակեցին զրույցը փակ դռների հետևում։

Նշենք, որ Կրեմլում Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կհանդիպի հայ գործարար շրջանակների հետ։

Արաքս Կասյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ