Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նա պատրաստ է դիմակայել իր այն քաղաքական հակառակորդներին, որոնց կարծիքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը, որից հետո, սակայն, հնարավոր է, այլ վարչապետ ընտրվի:

«Նրանք ասում են՝ թողնենք, հրաժարական տա, հետո արագ այլ վարչապետ կընտրենք: Քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանը կարող է որոշում ընդունել ինքնալուծարման մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այդ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է ժողովրդի համաձայնությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում