Մշակույթ

Կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող ևս մեկ ֆիլմի ստեղծմանը

4 րոպեի ընթերցում

Կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող ևս մեկ ֆիլմի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2019 թվականի ապրիլի 24-ը ցեղասպանության մասին պատմող ևս մեկ ֆիլմ կնկարահանվի, որը լինելու է «Ման Փիքչերս» ստուդիայի «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ման Փիքչերս» ստուդիայի հիմնադիր- ղեկավար Մանվել Սարիբեկյանը:

«Ֆիլմը ցեղասպանության ժամանակ Ամերիկայի ունեցած դերակատարման, տարբեր անհատների ու կառույցների ցուցաբերած օգնության մասին է պատմելու: Դեպքերի ժամանակագրությունը թվագրվում է 19-րդ դարի վերջով ու 20-րդ դարի սկզբով՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայ, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը և ոչ իսլամադավ ժողովուրդների կոտորածները»,- նշեց Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմի պայմանական անունը «Ամերիկացի սամարացիներ» է: Վերջինս պրոդյուսերի հավաստմամբ՝ երախտագիտության մասին շարք է, որի նպատակն է վեր հանել մարդկային արժեքները, ներկայացնել դրանք կրողների անհատականությունը: Ֆիլմի նկարահանումներն իրականցվելու են 7 երկրներում, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ում:

«Սցենարի հեղինակն ամերիկացի է, ֆիլմը պատմելու են ամերիկացի պատմաբան-ցեղասպանագետը և գրող-լրագրողը: Եթե պետությունը նախորդ ֆիլմի պես 30% ֆինանսավորմամբ աջակցի մեզ, ապա հնարավոր է մինչև 2019 թվականի ապրիլի 24-ը ցեղասպանության մասին պատմող ևս մեկ ֆիլմ ունենանք: Պլանավորում ենք ֆիլմի նկարահանումներն իրականացնել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին », -ասաց Մանվել Սարիբեկյանը:

Նա ղեկավարել է ևս մեկ նմանատիպ ֆիլմի արտադրություն, որի ցուցադրությունը տեղի ունեցավ վերջերս՝ հուլիսի 24-ին, Իսրայելի «Սինեմատիկ» կինոսրահում: Այն դարձյալ պատմում է ցեղասպանության անցքերի մասին: Խորագիրը «Փրկության քարտեզ» է (ռեժիսոր՝ Արամ Շահբազյան), որը «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի անդրանիկ ֆիլմն է: Այն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին համամարդկային ողբերգությունների ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին է: Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ժողովրդի կոտորածները: Ֆիլմը փաստագրություն է, կառուցված է իրական փաստերի հիման վրա: Վերջինիս ցուցադրությանը ներկա են եղել նաև իսրայելցի հայտնի ցեղասպանագետ, պատմաբան, Հայոց ցեղասպանագիտության ճանաչման գործում նշանակալի դերակատարում ունեցած Յահիր Աուրոնը, ով արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, հրեա պատմաբան, ցեղասպանագետ, պրոֆեսոր, Երուսաղեմի հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին: Վերջինիս խոսքով, ինչպես հաղորդում է «Agenda-TV.com» կայքը, «Փրկության քարտեզ» ֆիլմը պատկերավոր արվեստի մեջ ուժեղ է և գեղեցիկ: «Նայելիս առաջին հերթին զգացի ցավի ու վշտի մի ալիք ու հազարավոր մարդկանց տառապանք: Ֆիլմի յուրաքանչյուր կադր արցունքով է լցնում սիրտդ ու զայրույթդ վերածում անամոք վշտի ու ցավի»,- ասել է նա:

Ֆիլմի ցուցադրությունը նախաձեռնել էին Իսրայելում գործող «Արարատ», «Նաիրի» և «Նոյան Տապան» հայկական կազմակերպությունները, «Սինեմատիկ» կինոսրահի ծրագրերի բաժինը, Հայաստանի հրեական համայնքը և այլոք: Ֆիլմը նվիրված է մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք համայն հայության և մարդասիրական դրսևորման վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից:

Սոնա Մկրտչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում