Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Ազատազրկված թեկնածու Դեմիրթաշը շնորհավորել է կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը  


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով բանտարկված է Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում, շնորհավորել է իր կուսակից ընկերներին և շնորհակալություն հայտնել իրենց վստահության քվե տված ժողովրդին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրական haberturk.com-ը:

«Մենք շարունակելու ենք ժողովրդի շահերի համար մղվող վճռական պայքարը՝ լինի մեջլիսում, թե դրանից դուրս: Շնորհավորում եմ ընտրված և չնտրված բոլոր թեկնածու ընկերներիս, բոլորին հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Դեմիրթաշը:

Անդրադառնալով հունիսի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ Դեմիրթաշը նշել է, որ նախընտրական շրջանում իր ձերբակալված լինելու հանգամանքը եղել է այս ընտրությունների ամենամեծ անարդարությունը:

«Այն հանգամանքը, որ ես ստիպված էի պայքարել անազատության պայմաններում, այս ընտրությունների ամենամեծ անարդարությունն էր»,-ասել է նա:

Դեմիրթաշը փաստել է, որ իր կուսակցությունը կարողացել է հաջողության հասնել նախընտրական շրջանում խիստ անհավասար պայմանների պարագայում:

«Նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ ընտրությունների արդյունքները հաջող են: Շնորհավորում եմ ընտրություններին մասնակցած բոլոր համերկրացիներիս: Շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր անարդարացի և անհավասար ընտրությունների մրցավազքում գնացել են մեծ զոհողությունների:

Շնորհավորում եմ HDP-ին, որն արտակարգ դրության ռեժիմի, անհավասար հնարավորությունների և ճնշումների պայմաններում կարողացավ հաջողության հասնել, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր համախմբվեցին մեր կուսակցության շուրջը: HDP-ի մեջլիս մտնելը մեծ հաջողություն էր: Ժողովրդի վստահությունը և հավատը ժողովրդավարական քաղաքականության նկատմամբ, մեզ համար հրահանգ է շարունակելու խաղաղության և ազատության համար մղվող պայքարը»,-նշել է անազատության մեջ գտնվող կուսակցական առաջնորդը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել են քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48):  ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67,  «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

Ընտրությունների արդյունքում մեջլիսում երկու հայ պատգամավոր կլինի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ