Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիայում Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձին նվիրված համերգ է տեղի ունեցել

Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիայում Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ 
տարեդարձին նվիրված համերգ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիայում մայիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-րդ տարեդարձին նվիրված համերգ՝ աշխարհահռչակ երաժիշտներ Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների մասնակցությամբ: Համերգի նախաձեռնողներն ու իրականացնողներն էին Լիտվայում ՀՀ դեսպանության և Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիան:

Համերգն ընթացել է Լիտվայի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ և դիրիժոր Ռոբերտաս Շերվենիկասի ղեկավարությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով մասնավորապես նշեց. «Երբեմն մոլորեցնող կարող է լինել այն, որ մենք նշում ենք լոկ 100-րդ տարեդարձները՝ հաշվի առնելով մեր երկրների էլ ավելի երկարամյա՝ պատմության հաճախ ցավալի և փառահեղ էջերը: Իհարկե 1918թ-ին էր, երբ Հայաստանը 650 տարվա պետականության կորստից հետո վերականգնեց իր անկախությունը:

Նոր հիմնադրված անկախությունը համընկավ հայ ժողովրդի պատմության շրջադարձային փուլին. մենք կամ պետք է հաղթեինք կամ վերանայինք երկրի երեսից: Այսպիսով, մեկ դար առաջ այս օրերին՝ մայիսի 22-29-ը ընկած ժամանակահատվածում, հայկական զինված ուժերը` կազմված հոգևորականներից մինչև գյուղացիներ ընդգրկող հայ հասարակաության բոլոր շերտերից՝ հաղթանակ տարան «Սարդարապատի ճակատամարտում»՝ համայն հայության հոգևոր կենտրոնը համարվող մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ոչ հեռու: Հաղթանակով և դրան հաջորդած Հայաստանի Հանրապետության հիմնադրումով նշանավորվեց հայ ժողովրդի վերածնունդը»:

Դեսպանը կարևորեց, որ համերգի ընթացքում ամերիկահայ նշանավոր կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Էջմիածին» սիմֆոնիան պատահականորեն չի ընդգրկվել համերգացանկում։

Դեսպանը նշեց, որ դեռևս 1920 թ․ 1920թ. մայիսին Հայաստանի Առաջին Հանրապետությունը Սիմեոն Ակոպյանին նշանակեց որպես Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Ֆինլանդիայում հատուկ ներկայացուցիչ, ով սակայն չհասցրեց իրականացնել իր առաքելությունը, քանի որ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, ինչն այժմ իրականացվում է նորանկախ Հայաստանի դիվանագետների կողմից:

Դեսպանը կարևորեց, որ Լիտվան առաջին պետություններից էր, որի հետ Հայաստանը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները 1991թ-ին, և Լիտվան աշխարհում առաջինն էր, որ ճանաչեց մեր անկախությունը:

Այնուհետև դեսպանն ասաց․ «Այսօր ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Լիտվայի Սեյմասին և բոլոր քաղաքական կուսակցություններին Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված պատմական համաձայնագիրը ժամեր առաջ վավերացնելու կապակցությամբ: Էստոնիայից և Լատվիայից հետո ԵՄ անդամ երկրների շարքում Լիտվան 3-րդն է վավերացնում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։

Համերգացանկում ընդգրկված էին հանրաճանաչ կատարումներ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ալան Հովաննեսի և Մորիս Ռավելի ստեղծագործություններից։ 

Միջոցառման շուրջ 800 հյուրերի թվում ներկա էին Լիտվայի նորանկախ պետականության հիմնադիր հայր Վիտաուտաս Լանդսբերգիսը, Լիտվայի կառավարության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, ականավոր մտավորականներ, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ։ 

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ընդունելություն, որը կազմակերպել էին «Plento Grill» ռեստորանը, «Լիտվայի հայերի միությունը», «Kilikija» ընկերությանը, ինչպես նաև՝ «Ararat Brandy»-ի լիտվական ներկայացուցչությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am