Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի անկախության համար կյանքը 
զոհաբերած հայորդիների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին Արցախյան պատերազմի վետերաններ, զոհվածների հարազատներ, երկրապահներ` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Երկրապահ կամավորականների միության անդամ Կառլեն Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի իրենց պարտքն են համարում մայիսի 9-ին լինել  Եռաբլուրում և ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին:

«Մեր անցած ուղին ցույց տվեց, որ բոլոր դժվարին ժամանակներում հայ ազգը միասնական է: Մեր զինվորի ոգին միշտ բարձր է եղել, մեր տղաներն առանձնացել են իրենց մարտունակությամբ: Մեր սերունդը կռվել է 1988-ից, բայց հետագայում էլ առիթների դեպքում եղել է սահմանը պաշտպանող զինվորի կողքին: Պետք է պահպանենք Հայաստանը, Արցախը, Սփյուռքը»,- ասաց Կառլեն Կարապետյանը:

Երկրապահ կամավորականների միության անդամ Վլադիկ Աբրահամյանն այն երկրապահներից է, ով քառօրյա պատերազմին եղել է զինվորների կողքին:

«Մենք գնացել էինք մեր երեխաների կողքին լինելու, նրանց ոգեշնչելու, ու տեսանք, թե երիտասարդներն ինչ ուժ ունեն, զգացինք դա: Ի դեպ, երեկ էլ զգացինք մեր երիտասարդների ուժը: Ժողովուրդը հաղթեց: Այսօր կարող եմ ասել, որ նշում ենք քառատոն: Եթե տեսնում եք հայ ազգի դեմքին ժպիտ եկավ: Հույս ունենք, որ մեր ժողովրդին լավ օրեր են սպասվում»,-ասաց Վլադիկ Աբրահամյանը:

Հատուկ գնդի վետերան Աշոտ Սուքիասյանը նույնպես Եռաբլուրում էր, եկել էր իր մարտական ընկերների հետ: Միմյանց հանդիպելու առաջին իսկ պահից հնչում են շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, որին հաջորդում են համատեղ անցած ուղին վերհիշելը:

«Երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց, կազմավորվեցին ֆիդայական ջոկատներ, Ադրբեջանի զինուժի դեմ պետք էր կանոնավոր զորամիավորում դուրս բերել: 1990-թվականին ստեղծվեց հատուկ գունդը»,-ասաց Աշոտ Սուքիասյանը: Նրա խոսքով, սկզբում կամավորներից 5000 դիմում կար, բայց հանրապետությունը 1350 հոգու զինելու, հագուստով ապահովելու հնարավորություն ուներ:  Գունդն անցավ փառապանծ ճանապարհ, եղավ Գետաշենում, Մարտունաշենում, Շահումյանում և  այլ վայրերում, մասնակցեց Հայաստանի սահմանային պաշտպանության:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ այդ տարիներին կամավոր համալրեց հատուկ գնդի շարքերը, Աշոտ Սուքիասյանը զարմանքով արձագանքեց:

«Ո՞նց, թասիբ կա, նամուս կա, մեր հայերին ադրբեջանցիք կոտորեն,  մենք ոտքի չկանգնե՞նք: Էլ ի՞նչ տղամարդ: Առանց պայքարի ոչ մի բանի չենք հասնի, երեկվա օրինակը ևս դա ցույց տվեց»,- հավելեց Աշոտ Սուքիասյանը:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am