Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում. ՄԱՍ 1

Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում. ՄԱՍ 1

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում մայիսի 8-ին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ելույթի առաջին հատվածը:

«Երեւանի Հանրապետության հրապարակում հավաքված թանկագի՛ն բարեկամներ, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում համացանցով եւ հեռուստացույցով մեզ հետեւող սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն, հարգելի՛ պատգամավորներ:

Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը:

Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր ոգեւորված են նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին, Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր հաղթանակած է նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին: Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր առավել քան երբեւէ վստահություն ունեն դեպի ապագան եւ հավատում են սեփական ուժերինՀայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին:

Հայաստանի քաղաքացու եւ հայ ժողովրդի վարկանիշն այսօր աշխարհում առավել բարձր է, քան երբեւէ:  Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն այսօր առավել ծանրակշիռ է, քան երբեւէ: Եւ սա մի բացառիկ հնարավորություն է, որը մենք պետք է ծառայեցնենք մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերին, անշրջելի եւ անառարկելի դարձնենք Շուշիի ազատագրման եւ ընդհանրապես 90-ականներին մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի արդյունքները:

Եւ հիմա այս բարձր ամբիոնից որպես Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու՝  ուզում եմ սիրո եւ զորակցության ուղերձ հղել Արցախի Հանրապետությանը եւ նրա հերոսական ժողովրդին:  Սիրելի՛ արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության համար:

Սա համազգային եւ համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, եւ ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը: Այսօր, առավել քան երբեւէ մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը, որովհետեւ մեր համախմբումն ու լավատեսությունը հիրավի զորավոր ուժ է, իսկ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը համախմբված են, լավատես ու հզոր՝ Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում:

Հարկ եմ համարում ընդգծել, որ նման վիճակը վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունների՝ առանց բացառության բոլոր կողմերի խոհեմության, պետական մտածողության եւ հայրենասիրության արդյունք է: Ներքաղաքական երկարամյա հակամարտությունների՝  2008 թվականի մարտի 1-ի, 2004 թվականի ապրիլի 12-ի, 1996 թվականի սեպտեմբերի 26-ի միջով անցնելով՝ ներքաղաքական կյանքի բոլոր մասնակիցներս ըստ էության հանգել ենք լռելյայն մի համաձայնության, լռելյայն մի կոնսենսուսի, որ վերջ, բռնությունն այլեւս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, ներքաղաքական եւ ընդհանրապես ներհայաստանյան հարաբերություններում ավտոմատները պետք է լռեն հավիտյան, եւ ժողովրդական կամքի անառարկելիությունը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենան հայկական պետականության հետագա կայացումն ու հզորացումը:

Սիրելի՛ հայրենակիցներ, հենց սա է լինելու ձեւավորվող կառավարության գործունեության առաջնահերթությունը՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ձեւավորել ազգային համերաշխության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի եւ օրենքի վրա հիմնված ազգային միասնություն:

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու եւ վերջ: Ընտրությունների արդյունքներն այլեւս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու եւ վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով եւ վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու եւ վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան եւ վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն եւ վերջ:

Որեւէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների եւ առանց սեփականության վերաբաշխման՝  խստորեն պահպանելով օրինականությունն ու բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

Քաղաքական եւ տնտեսական հետապնդումների էջն այլեւս փակված է Հայաստանում, եւ օրենքը հավասարաբար եւ նույն կերպ պիտի գործի ինչպես քաղաքական համախոհների ու մերձավորների, այնպես էլ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական եւ ամենակարեւոր ուղերձը, որին մենք պետք է հավատարիմ մնանք անմնացորդ եւ մինչեւ վերջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հենց սա ենք համարում այն անկյունաքարը, որի վրա պետք է կառուցվի նոր Հայաստանը: Հենց այս սկզբունքի շրջանակներում պետք է ապահովվի նաեւ Հայաստանի տնտեսական հեղափոխությունը: Այս օրերին մենք տասնյակ ուղերձներ ենք ստանում Սփյուռքի մեր հայրենակիցներից, ովքեր հավաստիացնում են, թե կազմուպատրաստ սպասում են ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծմանը, որպեսզի վերադառնան Հայաստան եւ լծվեն սեփական հայրենիքի շենացման գործին: Եւ ես ուզում եմ քաջալերել բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր մտադիր են ներդրումներ անել Հայաստանում, նորանոր բիզնեսներ հիմնադրել, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել: Ուզում եմ նաեւ դիմել մեր այն հայրենակիցներին, ովքեր արտերկրում բիզնես հաջողությունների են հասել, այդ ընթացքում որպես օգնություն միլիոնավոր դոլլարներ են ուղարկել Հայաստանում գտնվող իրենց հարազատներին ու բարեկամներին, բայց որեւէ բիզնես չեն հիմնադրել, որեւէ ներդրում չեն արել բոլորիս հայտնի արհեստական խոչընդոտների պատճառով եւ այժմ էլ դեռեւս վստահ չեն՝ արժե դա անել, թե ոչ:

Եւ ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, ձեր վերադարձի ժամը եկել է: Իմ վարչապետ ընտրվելն ինքնաբերաբար կնշանակի ձեզ հայտնի բոլոր տեսակի խոչընդոտների ու ապօրինությունների վերացում: Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին, եւ այս գործընթացը պետք է սկսել անմիջապես եւ առանց հետաձգման, որովհետեւ սա ոչ միայն տնտեսական վերածննդի, այլեւ ազգային անվտանգության հրատապ հարց է: Հայկական կապիտալի ներհոսքին զուգընթաց պետք է մեկնարկի մեծ հայրենադարձության գործընթացը եւ հայ ժողովրդի ավելի քան հազարամյա արտագաղթի անիվը պետք է ետ պտտվի՝ հանգեցնելով Հայաստանի բնակչության շարունակական աճի: Եւ հենց այս գործընթացն է, որ պետք է արժեւորի հայկական պետականության գոյությունը, որովհետեւ մեր ընկալմամբ Հայաստանի Հանրապետության գոյության ամենակարեւոր իմաստն ու նպատակը հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումն է սեփական տարածքում եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:

Ուզում եմ ընդգծել, որ այս ձեւակերպումն ու նպատակը մենք համարում ենք հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության ողնաշարն ու առանցքը, եւ այս գաղափարի իրագործման շուրջ պետք է համախմբել մեր ողջ ազգային ներուժը:

Ըստ այդմ, մենք պետք է լրջագույն բարեփոխումներ իրականացնենք, որոնք ուղղված կլինեն Սփյուռքի ներուժը ոչ միայն Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, անվտանգության, այլեւ պետականաշինության ոլորտներում առավել արդյունավետ ներգրավելու համար եւ լրջագույնս պետք է մտածել սրան խանգարող օրենսդրական կարգավորումները վերացնելու մասին: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սփյուռքի ներկայացուցիչների հետ այս թեմայով ինստիտուցիոնալ խոսակցություն սկսելու եւ գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ:

Սիրելի՛ հայրենակիցներ, խոսելով սփյուռքի ներուժի մասին՝ որեւէ կերպ չեմ ցանկանում նսեմացնել այն ներուժը, որ այսօր առկա է Հայաստանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական կառավարման քաղաքական համակարգում առկա են բազմաթիվ բարձր պրոֆեսիոնալներ, որոնց տաղանդն ու ստեղծագործական միտքը բավարար չափով չեն դրսեւորվել քաղաքական լճացած իրավիճակի պատճառով:

Ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք ոչ միայն չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել, այլեւ, ընդհակառակը, ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը, մեկտեղել մեր ջանքերը հայրենիքի շենացման եւ հզորացման գործում: Մենք հույս ենք դնում պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն պրոֆեսիոնալների վրա, ովքեր իրենց դիրքին ու պաշտոնին հասել են տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ:

Ես համոզված եմ, որ Հայաստանում կենտրոնացած է նաեւ լրջագույն տնտեսական ներուժ: Հայաստանյան բիզնեսը, ըստ էության, գերեվարված է եղել իշխանական կոռումպացված համակարգի կողմից եւ իմ վարչապետ ընտրվելու պարագայում երաշխավորում եմ բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն համակարգի առաջ ունեցած պարտավորություններից՝ ակնկալելով, որ արդյունքում ազատված միջոցները ոչ թե կծվարեն օտարերկրյա բանկերում, այլ կդառնան ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ ու հատկապես այն մարզերում, որտեղ գործազրկության ծանր շունչը զգացվում է առավել ցայտուն:

Այսօր ի դեպ շատ է խոսվում այն մասին, որ գործարար դաշտում ընթացիկ քաղաքական փոփոխությունների վերաբերյալ մտավախություններ, լարվածություններ ու վախեր կան: Բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգային այս զարթոնքը, վերածնունդը հնից զատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է լինել նոր Հայաստանի նոր քաղաքացի, ով պատրաստ է չարհամարհել պետական եւ հանրային շահը:

Սիրելի՛ հայրենակիցներ, հարկ եմ համարում ընդգծել, որ չափազանց կարեւորում եմ տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը: Տնտեսության զուտ վիճակագրական աճերը, որոնք էական ոչինչ չեն փոխում մարդկանց կյանքում, մնում են որպես սովորական վիճակագրություն: Մինչդեռ մեզ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որն իրապես կփոխի մարդկանց կյանքը, կդառնա գործազրկության կրճատման եւ աղքատության հաղթահարման իրական գործիք: Մեզ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որը կտրուկ կմեծացնի պետական բյուջեի եկամուտները, ինչն իր հերթին հնարավորություն կտա մտածելու կենսաթոշակների եւ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի իրական աճի մասին: Այս առումով ուզում եմ ընդգծել տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություն

Առաջնահերթություն 1: 
Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմանները, ըստ էության, այսօր առկա են մեր երկրում: Ոլորտի զարգացման ռազմավարական նպատակը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրի կայացումը, որն ի վիճակի կլինի ապահովել մեր բանակի մարտունակության եւ ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը: Ընդ որում, ռազմարդյունաբերական համալիր ասելով՝ մենք պետք է հասկանանք ոչ միայն այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաների որդեգրումն ու կիրառումը, այլեւ պետք է մտածենք նոր, հեղափոխական գաղափարների մասին, այնպես ինչպես սմարթֆոնների հեղինակներն էին մտածում այն ժամանակներում, երբ աշխարհում հաստատվել էր բջջային հեռախոսների գերիշխանություն: Այս մոտեցումը մեզ հնարավորություն կտա արագ եւ արդյունավետ կերպով վերականգնել Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը

Առաջնահերթություն 2: 
Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ ի վերջո այդպիսի հողերի գոյության բացառումը: Այս նպատակին հասնելու համար մենք պետք է դրամատիկ ջանքեր գործադրենք, նորանոր խթաններ ու մեխանիզմներ մտածենք, ընդհուպ հարկային եւ այլ արտոնություններ սահմանենք: Այս համատեքստում իհարկե չափազանց կարեւոր է, որ կառավարությունը օգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթեւացնելու հարցում: Ինչպես արդեն ասել եմ, մենք մտադրված ենք բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ ինտենսիվ բանակցություններ սկսել ֆիզիկական անձանց ունեցած հատկապես գյուղացիական վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներում իրականացնելու համար՝ պետական բյուջեի, բանկերի համար ընդունելի վնասի շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ անզեն աչքով էլ նկատելի է, որ գյուղատնտեսության ոլորտում արտահանման ահռելի պոտենցիալ կա, որը չի օգտագործվում այդ թվում՝ արտահանման ոլորտում առկա փաստացի մենաշնորհների գոյության պատճառով: Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն, մասնավորապես դեպի Իրան խոշոր եւ մանր եղջերավոր գլխաքանակի արտահանման համար, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ գյուղմթերքի արտահանման հնարավորությունները կընդլայնվեն բոլորի համար: Գյուղատնտեսության ոլորտում մենք պետք է եւս մեկ ռազմավարական նպատակ ձեւակերպենք. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրական հոսանքն է տարածված եւ հասանելի: Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երեւույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել:

Առաջնահերթություն 3: 
Հիմա արդեն ակնհայտ է, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել: Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը վերջին 15 օրերին գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում եւ մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի եւ ժողովրդի վարկանիշը: Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետեւ կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ինչ երկիր է, որ կարողացել է սիրո եւ համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել եւ գրավել է համաշխարհային հանրությանը: Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Այս առումով մեր բոլորի անելիքը շատ հստակ է. մեր հյուրերի համար անհրաժեշտ է ապահովել սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որ հարիր կլինի Հայաստանի այն իմիջին, որը վերջին մեկ ամսվա ընթացքում ձեւավորվել է միջազգային մամուլում: Նաեւ այս իմաստով առանձնահատուկ կարեւորում եմ ոստիկանության եւ մյուս իրավապահ մարմինների աշխատանքը. այս մարմինները, հանրության հետ համագործակցելով, պետք է ապահովեն, որպեսզի քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի: Հանրապետությունում այսօր հաստատված մթնոլորտը նման արդյունքի հասնելու բացառիկ հնարավորություն է տալիս: Զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարեւոր եմ համարում օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը»:

Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում. ՄԱՍ 2


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am