Քաղաքականություն

Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում

3 րոպեի ընթերցում

Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը Հայաստան այցի ընթացքում տարածած հայտարարությամբ հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում:

«Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցելենբազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին և՛ ուրախության, և՛ տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով, և դրա համար եմ ես այսօր Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ապրում է իր պատմության դժվարին փուլը: Ռուսաստանը, լինելով Հայաստանի ամենամոտ գործընկերը, ուշադիր և անկեղծ մտահոգությամբ, հետևում է երկրում ծավալվող զարգացումներին:«Վստահ ենք, որ դարերի ընթացքում ձեռքբերված իմաստությունը կնպաստի երկրին արագ վերադառնալ բնականոն կյանքին: Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում, բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում և կառուցողական երկխոսության պատրաստակամություն: Խաղաղություն և բարեկեցություն եղբայրական հայ ժողովրդին»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նիկոլայ Ռիժկովը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։ Ռիժկովը միջազգային ասպարեզում մշտապես հանդես է գալիս հայանպաստ դիրքորոշումներով, կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցության անհրաժեշտությունը։

Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է Հայաստանի ազգային հերոս Հայաստանի բարձրագույն կոչման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում