Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բերման ենթարկվածները «Ելք»-ի պատգամավորներին փոխանցել են, որ ոստիկանները հիմնականում իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորել

Բերման ենթարկվածները «Ելք»-ի պատգամավորներին փոխանցել են, որ ոստիկանները 
հիմնականում իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը և Էդմոն Մարուքյանը ապրիլի 19-ին վաղ առավոտից շրջել են մայրաքաղաքի ոստիկանական տարբեր բաժանմունքներում, զրուցել ոստիկանության կողմից բերման ենթարկված ցուցարարների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ինքը և Մանե Թանդիլյանը եղել են Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի, Շենգավիթի  ոստիկանության բաժանմունքներում, իսկ Էդմոն Մարուքյանը`  Կենտրոնի և կրկին Շենգավիթի բաժանմունքում: «Հիմնականում բերման ենթարկվածները բողոքներ չունեին, բոլորը նշում են, որ իրենց հետ ոստիկանները հարգալից են վերաբերվել»,- ասաց Գորգիսյանը:

Նա հավելեց, որ մի քանի բերման ենթարկվածներ ասել են, որ ոստիկանները իրենց հետ կոպիտ են վարվել: «Մենք ֆիքսել ենք նրանց անունները և  հետագայում կաշխատենք զբաղվել այդ խնդիրներով»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Գորգիսյանը չցանկացավ այս պահին որևէ գնահատական տալ շարունակվող  բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների և ոստիկանության գործողություններին:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներն ապրիլի 13-ից բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացնում Երևանի կենտրոնում: Այդ ընթացքում նրանք անցկացրել են երթեր Երևանի փողոցներում, իրականացրել են փողոցների և շենքերի շրջափակման զանգվածային գործողություններ, ներխուժել են Հանրային ռադիոյի շենք, անցկացրել հանրահավաքներ Ֆրանսիայի հրապարակում և Հանրապետության հրապարակում: Բողոքի գործողությունները շարունակվում են նաև ապրիլի 19-ին: Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյան միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝  խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի: Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, հրմշտոց սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին: Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք: 

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 100-ի:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am