Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովումը Հայաստանի գլխավոր թիրախներից է

Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովումը 
Հայաստանի գլխավոր թիրախներից է

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային օրվա՝ ապրիլի 7-ի այս տարվա կարգախոսն է «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովում. բոլորին, ամենուր»: Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթին հասնելը շատ երկրների, այդ թվում Հայաստանի թիրախներից է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը մասնագետները փաստեցին՝ այդ նպատակին հասնելու համար շատ քայլեր արվել ու դեռ նախատեսվում են:

«Առողջապահության համաշխարհային օրը մենք միշտ նվիրում ենք որևէ թեմայի: Այս տարի ընտրել և կենտրոնանալու ենք ամենակարևորի, որոշ երկրների համար, հնարավոր է, որ դժվարի՝ առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովման վրա: Համընդհանուր ծածկույթը նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա օգտվել առողջապահական ծառայություններից՝ առանց բախվելու ֆինանսական խնդիրների: Այն նաև ծառայությունների որակի ապահովումն է»,-ասաց Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթին հասնելն այն թիրախներից է, որ աշխարհի պետությունները 2015-ին հաստատել են՝ ընդունելով Կայուն զարգացման նպատակները: Զայցևի կարծիքով՝ բոլոր նպատակները փոխկապակցված են միմյանց հետ: «Օրինակ՝ երբ առողջական խնդիր  ի հայտ գալու դեպքում մարդը վճարում է ավելի, քան նախատեսել է, ապա կարող է մատնվել աղքատության»,-նշեց նա:

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք- Նուբարյանի կարծիքով՝ օրվա կարգախոսը հոգեհարազատ է Հայաստանում իրականացվող փոփոխություններին: «Մինչ 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունում առողջապահությունը շատ կարևոր դեր ունի: Եվ մենք իրատեսական թիրախներ ունենք դրանց համար: Մեծ թվով նվաճումներ ունի մեր համակարգը: Այդ մասին են վկայում Հայաստանում մարդկանց կյանքի միջին տևողությունը, մանկական մահացության ցածր ցուցանիշը, որոնք համեմատելի են զարգացած երկրների հետ, նաև ԱՊՀ շատ երկրների համեմատ ցածր մահացության ցուցանիշը: Ասվածն ապացուցում են նաև ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում արձանագրված հաջողությունները, մորից պտղին ՄԻԱՎ-ի փոխանցման, մալարիայի վերացումը և այլն»,-ասաց Մելիք-Նուբարյանը:

Հայաստանում ներկայում լուրջ պայքար է ընթանում վարակիչ հիվանդությունների դեմ՝ իրականացվում են զանգվածային սքրինինգային ծրագրեր՝ շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի, զարկերակային գերճնշման կանխարգելման համար: Այդ գործում աջակցում են ինչպես ԱՀԿ-ն , այնպես էլ Համաշխարհային բանկը: Հայաստանը ձգտելու է ապահովել համընդհանուր առողջապահական ծառայությունների ընդգրկում:

Աշխարհի բնակչության առնվազն կեսն այսօր անհրաժեշտ առողջապահական ծառայություններ չի ստանում: Իսկ մոտ 100 մլն մարդ առողջապահական ծառայությունների դիմաց վճարումների պատճառով ծայրահեղ աղքատության է մատնված: Ավելի քան 800 մլն մարդ իրենց ընտանեկան բյուջեի առնվազն 10 տոկոսը ծախսում են իրենց, հիվանդ երեխայի կամ ընտանիքի մեկ այլ անդամի առողջապահական խնդիրների լուծման վրա:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am