Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանկապատանեկան գրականության շաբաթը կամրապնդի գրող-ընթերցող կապը

Մանկապատանեկան գրականության շաբաթը կամրապնդի գրող-ընթերցող կապը

ԵՐԵՎԱՆ, 29, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի կարևորության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, այն հանրահչռակելու նպատակով ապրիլի 3-6-ը Հայաստանում կանցկացվի Մանկապատանեկան գրականության շաբաթ: Միջոցառումների բացումը տեղի կունենա ապրիլի 3-ին Արմավիրում, իսկ փակումը` ապրիլի 6-ին Խնկո-Ապոր գրադարանում: Այս մասին մարտի  29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը:

«Միջոցառումներին մասնակցում են ոչ միայն մեր միությունը և Խնկո-Ապոր անվան մանկապատանեկան, այլև Հայաստանի ազգային, Ավետիք Իսահակյանի անվան և մի շարք մարզային գրադարաններ: Շաբաթվա ընթացքում գրքին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև դպրոցներում: Երևանի մի շարք դպրոցներում  տեղի են ունենում գրողների հետ հանդիպումներ, քննարկումներ: Գրողները հրավերներ են ստանում նաև մանկապարտեզներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:

Նա ցավով ասաց, որ այսօր մանկապատանեկան, մանկական գրականության մեթոդական ձեռնարկներն այնքան էլ հարուստ չեն և պետք է մտածել այդ ուղղությամբ: Մանկապատանեկան գրականությունը տարիքային բազմաթիվ շերտեր է ընդգրկում, և ամեն երկու, երեք տարվա տարիքային փոփոխությունը տարբեր հոգեբանական, ստեղծագործական բովանդակություն, լեզվամտածողություն է պահանջում: Այս գրականությունը բավականին բարդ է:

Միլիտոնյանի խոսքով` մանկապատանեկան գրականության հարցում միությունը հետևողական է, և այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը չի սահմանափակվում մանուկների, պատանիների և գրողների միջև հանդիպումների, քննարկումների կազմակերպմամբ: «Ունենք Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի լույս տեսած լավագույն մանկապատանեկան գրքին: Արա Աբրահամյանի  մրցանակաբաշխության մեջ անցյալ տարի ավելացրեցինք նաև մանկապատանեկան գրականության անվանակարգը»,-ընդգծեց միության նախագահը:

Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ մեր օրերում տարեցտարի պակասում են մանկագիրները: Ժանրը թվացյալ պարզ է, բայց իրականում ամենադժվարն է և պատասխանատուն:

Մադլեն Հովսեփյանն ասաց, որ շաբաթվա գեղեցիկ իրադարձությունն ընդգրկում է մի շարք հետաքրքիր միջոցառումներ` սկսած գրքի քննարկումներից, գրական մրցույթներից, ավարտած գրողների հետ հանդիպումներով:

Շուտով մեծ շուքով կնշվի նաև մանկագիր Լիպարիտ Սարգսյանի 80-ամյակը: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը կմասնակցի նաև Խնկո-Ապոր գրադարանը:

«Այս շաբաթվա նպատակն է ամրապնդել գրող-ընթերցող կապը: Ցանկանում ենք, որ երեխան ճանաչի իր կողքին ապրող ստեղծագործող գրողներին, հարց տա նրան, առաջարկներ անի, պահանջներ դնի նրա առաջ, այլապես մանկական գրականությունը չի կարող զարգանալ»,-շեշտեց նա:

Մանկապատանեկան գրականության շաբաթներ Հայաստանում անցկացվել են դեռ Խորհրդային Միության տարիներին:  Անկախացումից հետո այդ բարի ավանդույթը որոշ ժամանակ ընդհատվել էր: Այն վերականգնվել է 2002 թվականին Հայաստանի գրողների միության և  ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am