Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաչող շունը չի կծում. Վահրամ Բաղդասարյանը հայտնի ասացվածքով պատասխանեց Փաշինյանի հայտարարությանը

Հաչող շունը չի կծում. Վահրամ Բաղդասարյանը հայտնի ասացվածքով պատասխանեց 
Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իշխանություններին մատուցած ծառայություններից հետո Հրայր Թովմասյանը գործուղվում է Սահմանադրական դատարան՝ որպես  «ստահոդ պետության պահապան շուն»՝ բառի քաղաքական իմաստով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր ելույթում հայտարարեց, որ ստահոդ հայտարարություններին անդրադառնալու ցանկություն չունի, սակայն հիշեց հայտնի մի ասացվածք. «Քանի որ այստեղ կենդանական աշխարհից օրինակներ բերվեց, բառիս բուն քաղաքական իմաստով մի ժողովրդական ասացվածք կա՝ «հաչող շունը չի կծում»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հարգելի գործընկերներ, հուսով եմ՝ ոչ ստահոդ ընդդիմության ներկայացուցիչներ: Հարցը, որ քննարկում ենք կարևոր է, քանի որ վաղը մենք ընտրելու ենք Սահմանադրական դատարանի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այս պաշտոնում ներկայացրել է մեր գործընկեր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Այս դահլիճում մենք խոսել ենք պարոն Թովմասյանի պրոֆեսիոնալ և մարդկային բարձր որակների մասին: Ես վստահ եմ, որ վաղը մենք կունենանք այնպիսի արդյունք, որ դուք վստահության մեծ քվեով կգնաք և կշարունակեք ձեր ծառայությունը ճշմարիտ հայրենիքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրություններին Հանրապետական իշխանությունն ընտրվել է 10 հազար դրամներով մարդկանց կաշառելով՝ Շարմազանովն ասաց. «Ոմանք այստեղ բողոքում են, որ իրենց չեն ընտրել, մեղադրում են ժողովրդին: Երկու օր առաջ էլ Ռուսաստանում մի քաղաքական գործիչ մեղադրում էր ժողովրդին, որ իրեն չեն ընտրել, սակայն ընդամենը 5 տոկոս ձայն էր հավաքել: Այնպես որ ժողովրդին մի մեղադրեք: Եթե մեղադրում եք 10 հազար դրամի համար, ինչի հետ ես համաձայն չեմ, շատ ավելի վատ դրության մեջ եք գցում ինքներդ ձեզ: Նշանակում է ձեր քաղաքական արժեքը և քաղաքական կապիտալը 10 հազար դրամից ցածր է, այստեղ մտածելու բան դուք ունեք, ոչ թե ժողովուրդը»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Արձագանքելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան վերջին հարցազրույցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀ Նախագահը իր հարցազրույցում հստակ նշել է, որ անձնական հավակնություններն ավելի ցածր են, քան պետության շահն ու ազգային պատասխանատվությունը: «Միայն պետական գործիչները տարբեր ժամանակաշրջաններում կարող են իրենց անձնական հավակնություններն ավելի ցածր դասել, քան պետական շահը: Եվ լավ հիշեք, պատմությունը բոլորիս գործունեության գնահատականը տալու է, պետք չէ շտապել»,- եզրափակեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am