Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հաշվետվության ներկայացում, կանոնադրության փոփոխություն, կուսակցության նախագահի ընտրություն. կայացավ«Լուսավոր Հայաստան»-ի 2-րդ համագումարը

Հաշվետվության ներկայացում, կանոնադրության փոփոխություն, կուսակցության 
նախագահի ընտրություն. կայացավ«Լուսավոր Հայաստան»-ի 2-րդ համագումարը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարը: Ներկա էին Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցության փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենը, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պետեր Անդրեաս Բոխմանը, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Երևանի ավագանու անդամներ, հասարակական գործիչներ:

Համագումարի օրակարգում կուսակցության կատարած աշխատանքի հաշվետվությունների ներկայացումն էր, կանոնադրության փոփոխությունը, կուսակցության նախագահի, կառավարման խորհրդի անդամների ընտրությունը. Իրավունքի գերակայության մանիսֆեստի ներկայացումը: Միաձայն ընտրվեցին կառավարման խորհրդի 15 անդամները: Միաձայն ընտրվեց կուսակցության նախագահի միակ ներկայացված թեկնածու Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ համագումարի անցկացումը կանոնադրության պահանջ է: Չնայած այն կանոնադրական համագումար է, սակայն Էդմոն Մարուքյանը նշեց, որ այ միջոցառումը կարևոր է հանգրվան է իրենց համար:

«Այն հանգրվան է գործունեությունը վերանայելու, հաշվետվություն լսելու անցած ճանապարհը վերաիմաստավորելու, միջազգային համագործակցության նախադրյալներ ստեղծելու համար: Կուսակցությունում նոր մարմին է ստեղծվում, որը կոչվում է քաղաքական խորհուրդ, այն ներկայացուցչական մարմին է, որի մեջ ընդգրկվում է տարածքային կառույցների բոլոր ղեկավարները, նրանք ովքեր կընտրվեն քաղաքական խորհրդի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Էդմոն Մարուքյանը:

Ներկայացնելով Իրավունքի գերակայության մանիսֆեստի կարևոր շեշտադրումները` Էդմոն Մարուքյանը նշեց, որ  այն կուսակցության ծրագրի մաս է:

«Ելնելով Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից, կուսակցությունն, այս մանիֆեստի ընդունմամբ, ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանի զարգացման և երկարաժամկետ անվտանգության, համընդհանուր բարօրության գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Ժողովրդավարության զարգացման և կայացման հիմնաքարն ու երաշխիքը իրավունքի գերակայության հաստատումն է: Այս մանիֆեստը հռչակում է այն հիմնարար դրույթները, որոնք պետք է հանգեցնեն Հայաստանում իրավունքի գերակայության հաստատմանը, լիբերալ ժողովրդավարության կայացմանը»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք հավատարիմ են իրենց ստանձնած պատասխանատվությանը և ամեն բան անելու են, որ հետագայում կարողանան դիմակայել բոլոր մարտահրավերներին: Ըստ նրա` պետք է այնպես անել, որ հաղթահարելով ցանկացած մարտահրավեր, դուրս գան ավելի հզորացած:

Նա առանձնահատուկ հպարտությամբ խոսեց միջազգային ասպարեզում կուսակցության համագործակցության մասին: Տեղեկացրեց, որ այսօր սերտորեն համագործակցում են «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք»-ի հետ, որի անդամակցությանն է ձգտում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Էդմոն Մարուքյանը կարևոր համարեց «Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամ»-ի հետ աշխատանքը:

«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենը իր ելույթում նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարին: Նա նշեց, որ իրենք հետևում են տարածաշրջանում քաղաքական զարգացումներին:

«Ժողովրդավարություն կառուցելը մեկ կամ երկու տարվա գործ չէ: Այստեղ հետևողական աշխատանք է պահանջվում: Մենք փորձում ենք համագործակցել ազատ, ժողովրդավարական ուժերի հետ: Համոզված ենք, որ ձեր փորձն ուսանելի կլինի նաև մեզ համար: Մենք կարևորում ենք հավասար պայմաններում ազատ ընտրություններ անցկացնելը, օրենքի գերակայությունը, արդար դատավարությունը և այլն»,-ասաց Հենրիկ Բախ Մորթենսենը:

ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ երբեք լուսավորչական ոչ մի  գործունեություն հեշտ չի լինում: Այդ ճանապարհը լի է դժվարություններով:

«Հուսով եմ, որ մենք ունենք բավարար քաղաքական կամք, իմաստություն, հմտություն սպասվող դժվարությունները հաղթահարելու, «Լուսավոր Հայաստան»-ի միջոցով կնքելու «Քաղաքացիական պայմանագիր», կերտելու մեր երազանքների հանրապետությունը: Մի բանում չեմ կասկածում, մեզնից յուրաքանչյուրն անմնացորդ նվիրված է այն նպատակներին, որոնք դրված են «Ելք» դաշինքի հիմքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն էլ խոսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության իր գործընկերների հետ աշխատանքի մասին:

«Ես ինձ հարմարավետ եմ զգում «Լուսավոր Հայաստան» կուսակցության իմ ընկերների շրջանում, միասին շատ ժամանակ ենք անցկացնում, քննարկում ենք, բանավիճում: Կարող եմ վստահաբար ասել, որ մենք մեր գործելաոճով միմյանց լրացնում ենք: Շատ լուրջ փորձություն է մեզ սպասվում և դա պետք է հաղթահարենք: Առջևում լուրջ անելիքներ կան, դրանցից մեկն իրական այլընտրանք դառնալն է»,-հավելեց Արամ Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]