Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինչպես է ազդում շախմատը երեխայի հուզական ինտելեկտի վրա. կպարզի աշխարհում առաջին գիտահետազոտական ինստիտուտը

Ինչպես է ազդում շախմատը երեխայի հուզական ինտելեկտի վրա. կպարզի աշխարհում առաջին գիտահետազոտական ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 70 տոկոսից ավելին դպրոցներում շախմատի դասավանդումը համարում են միանշանակ դրական երևույթ: Իսկ այդ առարկայի դասավանդումը դրականորեն է ազդում երեխաների վրա, եթե այն դասավանդող մասնագետը բարձր կարողությունների տեր է և ամբողջությամբ տիրապետում է մանկավարժական ու շախմատային տեխնոլոգիային:  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի հետազոտական ծրագրերի ղեկավար Վահան Սարգսյանը: Նրա խոսով` մինչ ինստիտուտի ստեղծումը կենտրոնի մակարդակով անցկացվել են ուսումնասիրություններ դպրոցականների վրա տարբեր ասպեկտներով շախմատ առարկայի ազդեցությունը գնահատելու ուղղությամբ: «Նախորդ տարիներին ուսումնասիրություն ենք կատարել ու փորձել ենք պարզել, թե ինչպիսին է շախմատի դասավանդումն ամբողջ հանրապետությունով մեկ: Էական տարբերություններ մայրաքաղաքի ու համայնքների միջև չկան: Մեկ այլ հետազոտություն էլ ուղղված էր հարցին, թե ինչպես է շախմատն ազդում հուզական ինտելեկտի վրա: Այսինքն` թե որքանով է շախմատն ազդում ինքնատիրապետման, ուրիշի հույզերը հասկանալու կարողության վրա: Պետք է ասել, որ էապես է ազդում, շախմատը նաև նպաստում է գիտելիքի խորքային յուրացման վրա: Այն թույլ է տալիս, որ երեխան ավելի խորքային սովորող, ավելի ռեֆլեքսիվ դառնա ու ամեն անգամ ինքն իրեն կարողանա հարց տալ, թե  ինչու է դա սովորում, դա իրեն ինչ կտա կամ ինքնուրույն դնել  կրթական նպատակներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Արդեն ինստիտուտի կարգավիճակում փորձելու են շրջանակները լայնացնել, մշակել դպրոցներում շախմատի դասավանդման նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև վերապատրաստման ծրագիր մշակել ու Հայաստանում պատրաստել օտարազգի մասնագետների: Ցանկանում են միջազգային ամսագիր ստեղծել, որպեսզի ինստիտուտում պատրաստվող նյութերը հրապարակվեն անգլերենով ու հասանելի դառնան շախմատը դպրոցում ներդնել ցանկացող երկրների մասնագետներին: «Այս պահին մենք շատ հստակ արդեն սահմանել ենք, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք: Նախևառաջ, ուզում ենք ուսումնասիրել շախմատի ազդեցությունն այսպես կոչված 21-րդ դարի կոմպետենցիաների վրա` որոշումների կայացում, քննադատական մտածողություն, խնդիրներ լուծելու կարողություն: Մեր նպատակն է տարբեր մեթոդներով պարզել դպրոցում շախմատի դասավանդման ազդեցությունը այդ կոմպետենցիաների զարգացման վրա»,-նշեց Վահան Սարգսյանը:

Ծրագրի ղեկավարի խոսքով` հետազոտական հենքի վրա ձևակերպված տեխնոլոգիաներ են պետք` ուղղված դպրոցում շախմատը դասավանդելուն: «Մենք ունեինք շախմատի դպրոցներ, բայց դրանք հատուկ մասնագիտացված դպրոցներ են ու թիրախավորված են առավել տաղանդավոր երեխաներին: Հանրակրթության մեջ խնդիրը լրիվ ուրիշ է: Այստեղ նոր տեխնոլոգիաներ են պետք, ինչը պետք է հետազոտական հենքով արվի: Փորձ-սխալվելու ճանապարհը ոչ էթիկայի, ոչ տրամաբանության տեսանկյունից արդարացված չէ: Դրա համար այստեղ անհրաժեշտ են խորը ուսումնասիրություններ»,-ավելացրեց մասնագետը:

Բացի այդ, ըստ Վահան Սարգսյանի, անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին: Ներկայում զուգահեռաբար աշխատում են ուսուցիչների պատրաստման օնլայն ծրագրի վրա, որ աշխարհի շատ երկրներում համակարգը ներդրվի և Հայաստանում ուսուցիչների պատրաստում իրականացվի:

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am