1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՍՏԾՀ ԽՎ-ի հռչակագրի ձևակերպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ԼՂ հակամարտության վրա

ՍՏԾՀ ԽՎ-ի հռչակագրի ձևակերպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ԼՂ 
հակամարտության վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամները վստահեցնում են, որ կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ընթացքում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նախ ընդգծեց, որ այդ կառույցը իր բնույթով անկախ մարմին չէ, քանի որ ենթարկվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, ուստի վեհաժողովը իր կարգավիճակով ցածր է, և նրա ընդունած որոշումները լուրջ իրավական ուժ չունեն:

«Հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումն ավելացվել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջարկով և հիմնականում ուղղված է Ռուսաստանի դեմ, բայց ոչ ընդհանրապես հակամարտությունների, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա այդ ձևակերպումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Մինասյանը:

Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչը ևս մեկ անգամ վերահաստատվել է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված համաձայնագրում ամրագրված դրույթով հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում` առաջարկվող երեք հիմնարար սկզբունքների վրա, հետևաբար նման հռչակագրերում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ հակամարտության կարգավորման վրա»,-ասաց Մինասյանը:

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշում է, որ վեհաժողովը բացառապես տնտեսական կառույց է և քաղաքական գնահատականներ տալու մանդատ չունի, ուստի անընդունելի համարեց հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպման ներառումը, որն արվել է առանց հայկական պատվիրակության անդամների հետ քննարկելու: «Այդ քաղաքական ձևակերպումը իսկապես աբսուրդ էր, սակայն հասկանալի է վեհաժողովի հերթական նիստը Կիևում էր, Ռուսաստանն այդ նիստին չէր մասնակցում և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը փորձեց ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ: Նրանք դա արեցին ծածուկ, առանց մեզ հետ քննարկելու, որովհետև գիտեին, որ մենք առարկելու ենք, քանի որ հստակ դիրքորոշում ունենք, որ այս կառույցը պետք է անդրադառնա բացառապես տնտեսական խնդիրների»,- մանրամասնեց Աղվան Վարդանյանը:

Նա նաև հավելեց, որ հայկական պատվիրակությունը, ընդհանուր առմամբ, ծանր վիճակում է դրել մյուս պատվիրակություններին, երբ, կոշտ հայտարարություն անելով, լքել է նիստերի դահլիճը և դրանից հետո որևէ նիստի չի մասնակցել, այլ մեկ անգամ դահլիճ են մտել և ընթերցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատվիրակության տարածած հայտարարությունը և կրկին հեռացել:

Հայկական պատվիրակության անդամ, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ հակամարտությունների կարգավորման ձևակերպում հռչակագրում ներառվել է Ուկրանիայի կողմից, և դա եղել է Ռուսաստանի դեմ ուղղված քայլ: Վահե Էնֆիաջյանը ևս վստահ է, որ այդ ձևակերպումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ թե ընդհանրապես առկա հակամարտությունների, թե ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Պատգամավորը նաև հայտնեց, որ վերջնական որոշումները կայացնում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, ոչ թե խորհրդարանական վեհաժողովը, իսկ կազմակերպությունը որոշումները կայացնում է բացառապես կոնսենսուսի հիման վրա, այսինքն, Հայաստանը ցանկացած պահի կարող է չեղարկել ցանկացած ձևակերպում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]