Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Առաջին անգամ Գյումրիում հանդես կգա հայտնի ջազմեն Գարի Քյոսայանն իր ջազ քառյակով


ԳՅՈՒՄՐԻ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Գյումրիում հանդես կգա հայտնի ջազմեն, երգահան, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար, «Գարի Քյոսայան» ջազ-քառյակի հիմնադիր Գարի Քյոսայանն իր ջազ քառյակով: Համերգը բարեգործական է, և ողջ հասույթը տրամադրվելու է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան» ծրագրերին: Այս մասին նոյեմբերի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ անձամբ նշեց Գարի Քյոսայանը՝ հավելելով, որ իր համար ևս սա երկար սպասված համերգ է: «Իմ համար ևս պատիվ է ու երջանիկ օր՝ ելույթ ունենալ իմ պապերի քաղաքում, բացի այդ Գյումրին եղել է ու կա արվեստի կենտրոն և ես անչափ ուրախ եմ, որ համերգը պետք է կայանա»,-նշեց Գարի Քյոսայանը:
Բարեգործական համերգը նպատակ ունի լրացնելու 15,000 Եվրոյին համարժեք ծրագրային բացը, որը պարտադրվում է օտարերկրացի բարերարի կողմից՝ ծրագրի տեղական ներդրումն ապահովելու պահանջով: Հասույթը կուղղորդվի Հայաստանի 4 քաղաքներում իրականացվող ծրագրերին:
Համերգի հատուկ հյուրերն են Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը:
«Բարեգործական համերգի նպատակն է դրամահավաք՝ կազմակերպության երկու «Տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան» ծրագրերի համար: Այս երկու ծրագրերը ավելի քան 15 տարի բարեգործական նպատակների են ծառայում Հայաստանի 4 մարզերում և այսօր այս ծրագրերն ունեն ֆոնդահայթայթման խնդիր՝ բարերի պայմանն է տեղական ներդրումների առկայությունը: Երբ օգնելու խնդրով դիմեցինք պարոն Քյոսայանին, ստացանք դրական արձագանք»,-նշեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:
Համերգի ընթացքում կհնչեն նոր ստեղծագործություններ՝ ջազ բենդն հանդես կգա նոր ծրագրով: «Համերգի ընթացքում կլինեն նաև անակնկալներ: Իրոք, սրտանց եմ գալիս Գյումրի և սրտանց էլ կատարելու եմ իմ լավագույն ստեղծագործությունները»,-նշեց «Գարի Քյոսայան» ջազ-քառյակի հիմնադիր՝ փաստելով, համերգին առաջին անգամ կհնչի նաև Գյումրիին նվիրված ստեղծագործություն:
Ինչպես միշտ այս անգամ ևս Գարի Քյոսայանի կողքին ու աշխատանքի մեջ աջակցում է կինը՝ դերասանուհի ու երգչուհի Ալլա Սահակյանը: «Մենք միշտ շատ պատրաստակամ ենք նման ծրագրերով մասնակցում, դուետով էլ ենք Գարիի հետ շատ նման բարեգործական համերգներ տվել: Այսօր Գյումրիի համար անել նման համերգ՝ էլ ավելի կարևոր է , քանի որ սոցիալականից բացի կարևորում եմ Գյումրիի մշակութային հասարակությունը»,-նշեց Ալլա Սահակյանը:
Հայտնի ջազմենի համար Գյումրին հեքիաթային քաղաք է իր մշակութային կյանքով, հումորով, արվեստով ու մարդկային որակով: Սակայն հայրաքաղաքի հանդեպ սերը նաև ավելի խորը արմատներ ունի: «Հայրիկիս պապն է այստեղից, հայրիկս է այստեղ ապրել: Պապիկս՝ Կոնստանտինը, ով շատ լավ դաշնակահար էր եւ Ավետիք Իսահակյանի մոտ ընկերը, երազանք է ունեցել՝ Ալեքսանդրապոլում դաշնամուրի գործարան բաց անել, ավելի ուշ Երեւանում է բացվում նման գործարան ու հորեղբայրս տնօրենն է դառնում»,- ասուլիսի ժամանակ պատմեց սիրված երաժիշտը:

Արմենուհի Մխոյան



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ