Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը

Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի «Նոր տարին Երևանում 2018» 
տոնական միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են Ամանորի տոնական ձևավորման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով Ամանորի առթիվ նախատեսված միջոցառումներին՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և կազմել Ամանորի միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցկացվի «Նոր տարին Երևանում 2018» խորագրով: Պատասխանատուներին հանձնարարվել է միջոցառումների ծրագիրը կազմելիս ներառել ինչպես քաղաքապետարանի, վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի հետ համագործակցաբար իրականացվող բոլոր միջոցառումները:

«Մեր նպատակն է Երևանը հետաքրքիր դարձնել թե ՛ մեր քաղաքացիների և թե ՛ քաղաքի հյուրերի համար ոչ միայն ամառվա ընթացքում, այլև ձմռանը, հատկապես Ամանորի տոնական օրերին: Անցած տարվանից նոր մշակույթ ձևավորվեց մեր քաղաքում, երբ տոն օրերին համայնքային թանգարանները, ինչպես նաև բազմաթիվ ժամանցի վայրեր գործում էին: Հարկավոր է նաև, որպեսզի միջոցառումները կազմակերպվեն Ամանորի հանգստյան օրերին, որպեսզի մայրաքաղաքում լիարժեք տոնական, աշխույժ մթնոլորտ ապահովվի»,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանն այդ հարցում ակտիվորեն համագործակցել տնտեսվարողների հետ, իսկ մշակույթի վարչությանը հանձնարարվել է սահմանել քաղաքապետարանի ենթակա թանգարանների համար Ամանորի տոնական օրերի աշխատանքային ժամանակացույց:

«Նոր տարին Երևանում 2018» տոնական ծրագրում կներառվեն նաև մայրաքաղաքի գլխավոր տոնածառի, ինչպես նաև քաղաքի տոնական լույսերի միացման, ավանդական դարձած՝ Կարապի լճի սառցադաշտի բացման, Հյուսիսային պողոտայում անցկացվելիք Ամանորի տոնավաճառի, Ազատության հրապարակում և վարչական շրջաններում նախատեսվող տոնական միջոցառումները:

«Նոր տարին Երևանում 2018» ամանորի տոնական միջոցառումների ծրագրի մանրամասները հանրությանը կներկայացվեն դեկտեմբերի սկզբին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am