Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սուսաննա Յայլոյանն ընդգրկվել է կատարողական արվեստի միջազգային մրցույթի լավագույն եռյակում

Սուսաննա Յայլոյանն ընդգրկվել է կատարողական արվեստի միջազգային մրցույթի 
լավագույն եռյակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 18-ամյա խոստումնալից երգչուհի Սուսաննա Յայլոյանը նոյեմբերի 4-ին մասնակցել է Սոչիում կայացած «Art open world» կատարողական արվեստի միջազգային մրցույթին: Նա ներկայացրել է Մայքլ Բուբլեի «Feelig good» (Լավ եմ զգում) և  Ջոս Սթոունի «I put a spell on you» (Կախարդել եմ քեզ) երգերը` ընդգրկվելով մրցույթի լավագույն եռյակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուսաննա Յայլոյանի հոր ընկերն էր լսել այդ մրցույթի մասին և առաջարկել Սուսաննային հայտ ներկայացնել: «Ուղարկեցի երգիս ձայնագրությունը և ինձ հրավիրեցին Սոչի: Մրցույթին մասնակցում էին տարբեր տարիքի երգիչ-երգչուհիներ Ռուսաստանի քաղաքներից»,-նշեց Սուսաննան:

Նրա խոսքով` մրցույթը տեղի է ունեցել առավոտյան, իսկ երեկոյան հանձնվել են մրցանակները: «Մեր ելույթներից հետո ժյուրիի անդամները կլոր սեղանի շուրջ քննարկում էին մասնակիցների կատարումները: Նրանք ասացին, որ հավանում են իմ ձայնը, երգեցողությունը, հարցրեցին, թե որտեղից եմ, հրավիրեցին մասնակցել Սանկտ Պետերբուրգում հետագայում կայանալիք այլ երաժշտական մրցույթների»,-շեշտեց երիտասարդ երգչուհին:

Երգչուհու վոկալի ուսուցչուհի Քրիստինե Կարապետյանն ասաց, որ Սուսաննան երաժշտական լայն հնարավորություններ ունի: «Չորս ամիս առաջ նա եկավ ինձ մոտ, որ ստուգենք իր երաժշտական ունակությունները: Հասկացա, որ լավ ձայնային տվյալներ ունի ու որոշեցինք աշխատել միասին: Սուսաննան ասաց, որ պարզապես ցանկանում է երգել: Չորս ամիս աշխատելուց հետո «ուղղակի ուզում եմ երգել»  արտահայտությունը փոխվեց. որոշեց ավելի լուրջ զբաղվել երաժշտությամբ»,-պատմեց Կարապետյանը:

Նա շեշտեց, որ Սուսաննան լավ տեխնիկա ունի, երաժշտական մտածելակերպ, կարողանում է յուրաքանչյուր երգ իրենը դարձնել, նրա ձայնը ինքնատիպ է:

Նրանք շարունակում են աշխատել, որպեսզի Սուսաննան մասնակցի դեկտեմբերի 26-ին Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի ոսկե ձայնը» միջազգային մրցույթին:

Սուսաննա Յայլոյանը ծնվել է Ռուսաստանում: Վերադառնալով հայրենիք` ընդունվել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոց: Այնուհետև սովորել է Երևանի Ստ.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում` դաշնամուրի բաժնում: Երգել է երգչախմբում: Հետագայում ընդունվել է Երևանի մշակույթի պետական քոլեջ, սակայն հասունացման շրջանում ի հայտ եկած ձայնային խնդիրների պատճառով ստիպված է եղել թողնել այն:

Չնայած Սուսաննան ներկայումս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի է` առանց երգի չի պատկերացնում իր կյանքը: Նա նշում է, որ բեմը, երգը իր կյանքն են, իր տարերքը: Երբ բեմում է, անհետանում են բոլոր բացասական լիցքերը: Նրա սիրելի կոմպոզիտորներն են Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, իսկ սիրելի երգիչները` Էլվինա Մակարյանը, Էլլա Ֆիցջերալդը, Էտա Ջեյմսը, Սելին Դիոնը, Սեմ Բրաունը, Ուիթնի Հյուսթոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am