Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը: Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը հնարավոր եղավ տապալել Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչությանԲրյուսելում գործող հայ ազգային լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացված նպատակային աշխատանքի շնորհիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրոպական Խորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար:

Մասնավորապես՝ ադրբեջանական կողմն իրեն հատուկ «լանդրոմատային» մեթոդներով հասել էր նրան, որ բանաձևի նախագծին ներկայացվել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի և Հայաստանի դեմ ուղղված ավելի քան քսան լրացում, որոնք ի թիվս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանամետ ձևակերպումներ, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ և այլն

Այնուամենայնիվ, հայկական կողմի նպատակային գործունեության և եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ ԵԽ լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նպատակային ու համառ աշխատանքի հնարավոր եղավ տապալել ադրբեջանական կողմի ջանքերով ներկայացված բոլոր ապակառուցողական լրացումները: Ավելին՝ ևս մեկ անգամ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձևի տեքստում հաջողվեց ոչ միայն կանխել այնպիսի դրույթի ներառումը, որտեղ Հայաստանը քննադատության էր ենթարկվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար, այլև Հայաստանը բանաձևում վկայակոչել որպես դրական օրինակ, որը կամրջում է այդ երկու ինտեգրացիոն հարթակները՝ ԵՄ և ԵԱՏՄ:

Ադրբեջանական հերթական սադրանքը լուրջ հակահարված ստացավ հայկական դիվանագիտության կողմից՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ