Սպասվող լրահոս. 23.10.2017
Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` հոկտեմբերի 23-ին, կբացվի «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցը: Այն կազմակերպում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա»-ն և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի տնօրենները:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) առաջարկում է կրթաթոշակային ծրագիր: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյան և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հրավիրում են մասնակցելու «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավին: Այսօր` միջոցառման մեկնարկին նվիրված բրիֆինգին, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը կներկայացնեն «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» արշավի ծրագիրը:
Հասարակական դաշտը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը: Այս անգամ թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն փաստաբան Նորայր Նորիկյանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը:
Մատենադարանի շենքում կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ»-ին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում