Տնտեսություն

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրով կպարզեցվի հայկական 40 ապրանքատեսակի արտահանումը

2 րոպեի ընթերցում

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրով կպարզեցվի հայկական 40 ապրանքատեսակի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման նախապատրաստական գործընթացը մոտենում է ավատական փուլին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ հիշեցնելով, որ նշյալ աշխատանքների համակարգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից:

«Այդ համաձայնագրում ներառված են նաև 40 ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են Հայաստանում ու դրանց մասով պահանջարկ կա իրանական շուկայում: Դրանք հենց հայկական կողմի առաջարկներն են: Համաձայնագրի ստորագրումից հետո այդ ապրանքների մուտքը իրանական շուկա բավականին կպարզեցվի: Այնտեղ կան ինչպես ոչ սակագնային կարգավորումներ, այնպես էլ սակագնային կարգավորումներ, որոնց մասով պարզեցումներ կլինեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց նախարարը` ավելացնելով, որ այդպիսով հայկական ապրանքներն ավելի մրցունակ կդառնան իրանական շուկայում:

Վկայակոչելով ընթացիկ տարվա ութ ամիսներին Հայաստանից Իրան արտահանման 11.2 տոկոսանոց աճը` Սուրեն Կարայանը նկատեց, որ այն աննախադեպ ցուցանիշ է:

Նախարար Կարայանը կարևորեց ապրանքների նկատմամբ կիրառվող ստանդարտների փոխճանաչելիության գործընթացը Իրանի հետ: Ասաց, որ ներկայում բանակցում են երկու երկրներում պարենային ու ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկումներ իրականացնող գնահատման մարմինների մասնաճյուղերի հիմնման ուղղությամբ: Նրա խոսքով` մարտին Երևանում բացված «Հալալ» գրասենյակի կողմից տրամադրվող սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ երկրներում: Հետևաբար, Հայաստանում արտադրված ապրանքներն այստեղ սերտիֆիկացվում ու իրացվում են նշյալ երկրների շուկաներում:

Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին` Սուրեն Կարայանն ասաց, որ նորաստեղծ Համահայկական ներդրումային հիմնադրամի առաջին նախագծերից մեկը հենց այս գոտու ստեղծումն ու ֆինանսավորումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում