Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայությանը միավորող նոր օղակ. Երևանում անցկացվեց Նաիրի համահայկական երաժշտական փառատոնը

Հայությանը  միավորող նոր օղակ. Երևանում անցկացվեց Նաիրի համահայկական 
երաժշտական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նաիրի համահայկական երաժշտական փառատոնը հավակնում է դառնալ համայն հայությանը  միավորող նոր օղակ: Այս մասին փառատոնի մրցանակաբաշխության ու մրցանակակիրների մեծարման հանդիսավոր արարողությանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Միջոցառումը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում: Ներկա էին մեծանուն սփյուռքահայեր, համահայկական կառույցների ղեկավարներ, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

«Այս օրերին անցկացվում է նաև Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը մեր համահայկական միավորման գործնական միավորումն է, իսկ այս փառատոնը զգացական»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը և ներկաներին կոչ արեց ձեռք-ձեռք բռնել ու ասել, որ իրենք հայ են ու իրենց հայրենիքը  Հայաստանն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք ցանկանում են  գնահատանքի խոսք ուղղել մեր երաժշտարվեստի հսկաներին, որոնք իրենց գործունեությամբ, իրենց ստեղծագործություններով խորհրդանշում են հայ ժողովրդին: Մարդիկ, ովքեր իրենց ձեռքով, իրենց երգով մեր ավանդական, ազգային երաժշտությունը համամարդկային են դարձրել:

Փառատոնի գլխավոր նպատակը հայ երաժշտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող ականավոր գործիչներին արժևորելն ու նրանց առաջ խոնարհվելն է: Այն նպատակ ունի ընդարձակել մշակութային կապերը, ամրապնդել միջանձնային հարաբերությունները Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև, օժանդակել ժամանակակից հայ երաժշտության զարգացմանն ու հանրահռչակմանը:

Մրցանակաբաշխությանը մեծարման արժանացան փառատոնի գլխավոր մրցանակակիրներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ժող. արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ժողովրդական վարպետ, դհոլահար Գագիկ Հախվերդյանը:

Հատուկ մրցանակների արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ դուդուկահար, Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլեվանյան, ՀՀ ժող. Արտիստ Սուրեն Գյանջումյանը:

«Իմ ողջ ստեղծագործական կյանքում հազարավոր անգամներ համոզվել եմ, որ հայ երգարվեստը հաղթանակող է, և այն կամրջում է Հայաստանը Սփյուռքի հետ: Հետևաբար` այս փառատոնն  ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի: Այն մեզ գնահատելու յուրօրինակ ձև է: Անչափ շնորհակալ եմ իմ ընկերներին, իմ ժողովրդին, որն այսքան տարի ինձ պարտադրել է խոնարհվել իր առաջ: Շնորհակալ եմ այս փառատոնի կազմակերպիչներին, ովքեր նկատեցին իմ 56 տարվա համեստ գործունեությունը»,-նշեց ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը:

Դհոլահար Գագիկ Հախվերդյանի խոսքով` ինքն իսկապես ուրախ է, որ իրեն հիշել ու գնահատել են: «Խորհրդային միության տարիներին մասնակցել եմ տարբեր մրցույթների ու բարձր գնահատանքի արժանացել: Շուշիի ազատագրումից հետո եղել եմ Շուշիում:  Թուրքի թողած դհոլը վերցրեցի ու սկսեցի քոչարի  նվագել: Դա իմ կյանքի ամենահուզիչ պահերից է եղել: Երջանիկ եմ նաև այսօր: Ուզում եմ շեշտել, որ եղել եմ աշխարհի հարյուրից ավելի երկրներում և փաստել, որ Հայաստանի նման երկիր չկա»,-ընդգծեց նա:

Փառատոնի համերգային ծրագրում ելույթ ունեցան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը,  «Դուդուկներ» երաժշտախումբը: Փառատոնի հատուկ հյուրն անվանի կոմպոզիտոր, դաշնակահար «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանն էր, ում հատուկ մրցանակ հանձնվեց:

«Նաիրի» փառատոնն անցկացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն նախաձեռնել և կազմակերպել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները՝ «Նաիրի» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am