Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ստամբուլում կալանավորված թուրք իրավապաշտպանին արգելել են կարդալ հայկական «Ակոս» պարբերականը


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերը բանտում այցելել են Ստամբուլում ձերբակալված, ապա կալանավորված մի խումբ իրավապաշտպանների: Նրանց շարքում են միջազգային հեղինակավոր Amnesty International կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչն ու այլ գործիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

«Հայրենակցություն» ընկերության հիմնադիր անդամ Օզլեմ Դալքըրանը, ով ևս կալանավորվածների շարքում է, պատգամավորներին հայտնել է, որ բանտում խախտում են տեղեկացված լինելու իր իրավունքը: Մասնավորապես, նրան թույլ չեն տալիս կարդալ «Ակոս»՝ պատճառաբանելով, թե դրանում հայերեն էջեր կան:

Միևնույն ընկերության մեկ այլ անդամ Նալան Էքրեմը բողոքել է, որ արդեն երկու ամիս է՝ չի կարողանում ընդունել իր դեղահաբերը:

Բացի այդ, կալանավորված իրավապաշտպանները հայտնել են, որ խախտվել են իրենց հաղորդակցման, սպորտով զբաղվելու և այլ իրավունքներ:

Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին: Նրանց շարքում կային Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացիներ: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել նրանց կալանքի ժամկետը ևս մեկ շաբաթով երկարաձգելու որոշման մասին:

Ավելի ուշ նրանցից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստներին անհիմն պատճառներով ձերբակալելու առնչությամբ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ