Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

ՀՀ կառավարությունը նախատեսում է խաղողագործների ռեեստր ստեղծել


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա խաղողի բերքը չի գերազանցի նախորդ տարվա ցուցանիշը, որը կազմել է 178 հազար տոննա: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի հարցին: «Նույնիսկ հնարավոր է, որ այս տարի անգամ 10-15 տոկոսով նվազի՝ հաշվի առնելով, որ այս տարի ձմեռը ցրտաշունչ էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Առաքելյանը:

Նախարարը հավելեց, որ խաղողագործությունը տնտեսական առումով Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, որովհետև հայկական գինին և կոնյակը արտահանման մեջ մեծ ծավալ են կազմում:

Իգնատի Առաքելյանը նշեց, որ  հանդիպել են  բոլոր մթերողների հետ, որի ընթացքում  քննարկվել խաղողի մթերման գործընթացը: «Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ գնագոյացմանը կառավարությունը չի միջամտելու, սակայն եթե մթերում են և չեն վճարում, խնդիրը  լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց նախարարը:

Կառավարությունը նախատեսում է ստեղծել խաղաղագործների ռեեստր, որպեսզի հասկանալի դառնա, թե որ գյուղում որ գյուղացին ինչ տեսակի և որքան խաղող է արտադրում: «Դրանից հետո մենք նախատեսում ենք, որ խաղող արտադրողները և մթերողները իրենց տվյալները ընդհանուր բազայում մուտքագրեն: Այսինքն, գյուղացիները ներկայացնեն, թե որքան խաղող են արտադրել և որքան մթերել, իսկ մթերողները կներկայացնեն իրենց կողմից մթերված խաղողի քանակը, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի հստակ իմանալ, թե տարվա ընթացքում խաղողի որքան բերք ենք ունեցել և որքան խաղող է մթերվել մթերող կազմակերպությունների կողմից»,- եզրափակեց գյուղատնտեսության նախարարը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ