Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամռան ամիսներին Հայաստանի գրողների միությունը բուռն գործունեություն է ծավալել

Ամռան ամիսներին Հայաստանի գրողների միությունը բուռն գործունեություն է ծավալել

ԵՐԵՎԱՆ,  6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԳՄ-ն ամռանը մի շարք ծրագրեր, գեղեցիկ գրական միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ է իրականացրել: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց միության ամառային գործունեությունը և խոսեց ապագա ծրագրերից:

«Մայիսին ՀՀ գրողների միությունն իր պոեզիայի այգում  բացօթյա միջոցառում իրականացրեց.  բանաստեղծական լեցուն և հաճելի օր: Նույն ամսին Թիֆլիսում անցկացվում էին Սայաթ-Նովայի օրերը, և դա մեր ու վրաց գրողների հանդիպումների, քննարկումների, գրքերի շնորհանդեսների համար հիմք դարձավ: ՀԳՄ-ն հրատարակեց «Արդի վրաց պոեզիայի անթոլոգիա»-ն, որի թարգմանիչը Գագիկ Դավթյանն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով` հունիսի սկզբին, ավանդույթի համաձայն, ՀԳՄ-ն Ծաղկաձորում անցկացրեց երիտասարդ գրողների եռօրյա խորհրդակցությունը  «Գրականություն և հայրենիք» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են գրողներ Ջավախքից, Արցախից, իսկ հաջորդ տարի կլինեն գրողներ Իրանից, Լիբանանից:

ՀԳՄ-ն կազմակերպել է նաև թարգմանական գրականության խնդիրներին վերաբերող լիանիստ  քննարկում: «Բազմաթիվ լեզուներից հայերեն են թարգմանվում տարբեր գրքեր, որոնց որակի ու չափանիշների մասին դատելը դժվար է, քանի որ այդ գրականությունը վերլուծողներ, մեկնաբաններ գրեթե չկան»,-շեշտեց նախագահը: Նա ասաց, որ եթե նախկինում գրքերը հայերենից հիմնականում ռուսերեն էին թարգմանվում, ապա այսօր` արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

 Նա ընդգծեց, որ վերջին չորս, հինգ տարվա ընթացքում  հայ  գրողների ստեղծագործությունները տպագրվել են եվրոպական հանդեսներում, թերթերում, ներկայացվել են անթոլոգիաներով:

«Այս ամիսներին իրականացված միջոցառումներից հատկապես կարևորում եմ հուլիսին Գանձայում անցկացված տերյանական օրերը և այն, որ օգոստոսի հինգին Թիֆլիսում բացվեց Հովհաննես Թումանյանի վերանորոգված տունը:

Վերականգման գործընթացը սկսվեց ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի հորդորով. նա բարձրացրեց այդ հարցը և մի շարք աջակիցների շնորհիվ տունը դարձավ գրական մշակութային համալիր, որը գրողների հանդիպման, քննարկումների, գրքերի շնորհանդեսների հիանալի վայր է»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Անդրադառնալով ապագա ծրագրերին` նա շեշտեց, որ հոկտեմբերի ութից տասներկուսը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվի սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների առաջին համաժողովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am