Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանը Հայաստանի կրթական համակարգում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

Լևոն Մկրտչյանը Հայաստանի կրթական համակարգում արմատական 
փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կրթական ամբողջ համակարգը արմատապես փոփոխման կարիք ունի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Քննարկումների մեկնարկը տրվեց Արագածոտնի մարզում:

«Երբ մենք խոսում ենք հանրակրթության մեր խնդիրների, առաջիկա անելիքների մասին, շատ կարճ պետք է ասել, որ չի կարող գործընթացը ինքնանպատակ լինել, քանի որ կրթությունը կարևոր գործիք է պետության ձեռքին` հիմնական նպատակները իրականացնելու համար։ Պետության հիմնական նպատակն այդ տարածքում ժողովրդի անվտանգության և նրա մրցունակության ապահովումն է։ Երկու պարագայում էլ կրթությունը մեծ դեր ունի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ վաղվա Հայաստանում։ Ամեն տարի մենք նոր քաղաքացիներ ենք ճանապարհ դնում դպրոցներից, և նրանց հատկություններից, գիտելիքներից, կամային որոշակի ձևաչափերից է կախված  նաև մեր երկրի ապագան։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ունենա եվրոպական ժամանակակից քաղաքակրթական ամենաբարձր արժեքներին հավատարիմ, բայց էությամբ այս հողին ու ջրին նվիրված քաղաքացի»,- նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանի խոսքով կրթական համակարգի առաջ պետք է դրվի մեկ հիմնական խնդիր՝ պետք է լինենք կա'մ սպասարկող երկիր, կա'մ արժեք արտադրենք։ Եթե ունենանք սպասարկող երկրի կարգավիճակ, ապա, նրա պնդմամբ, հիմնականում կրթական համակարգը հումանիտարիզացվում է։

«Մեր տարածաշրջանի դժվարություններին դիմակայելու համար պետք է կրթական համակարգում ուժ տալ բնագիտությանը։ Պարտավոր ենք կրթական համակարգն այնպես ձևավորել, որպեսզի բնագիտական գիտությունների դոմինանտ ներկայություն լինի` հանրակրթությունից մինչև բարձրագույն ոլորտ։ Ուսանողների 70 տոկոսը հումանիտար ուղղությունն է ընտրում՝ լեզուներ, տնտեսագիտություն և այլն:  Եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք այն, ինչ ձեռք ենք բերել 80-90 տարվա լուրջ, հետևողական աշխատանքով։ Սա ենթադրում է, որ մեր կրթական ամբողջ համակարգը պետք է արմատապես վերափոխենք։ Կրթությունն իր մեջ ունի երեք կարևոր բաղկացուցիչ՝ գիտելիք, դաստիարակություն և հմտություն։ Երիտասարդը, վաղվա քաղաքացին պետք է ունենա շատ լավ գիտելիք, ունենա իր մասնագիտական հաստատումը, կարողանա հասկանալ, թե դա ինչի համար է և այս ամենը դաստիարակության բլոկի մեջ ենք ներառում, ինչպես նաև նա պետք է ունենա հմտություններ, որպեսզի դիմանա աշխարհի պայմաններին։ Այս «եռանկյունի»-ն հանրակրթության մեջ պետք է հավասարապես բաշխված լինի»,- ասաց նախարարը:

Մկրտչյանի խոսքով, պետք է կարողանալ զանազանել գիտելիքը հմտություններից: Նա բարձրաձայնեց մի մեծ խնդիրն, որ մենք հմտությունները դարձրել ենք առարկաներ, դրանք մտցրել դպրոցական ծրագիր` ի հաշիվ բազային առարկաների:

«Արդյունքում` ստեղծել ենք մի վիճակ, որ երեխան չի կարողանում իր տնային աշխատանքը կատարել, ուսուցիչն էլ չի կարողանում իր ժամը ճիշտ չի կարողանում օգտագործել։ Դրա հիման վրա փորձել ենք դասագրքեր գրել և ամեն ինչ խառնվել է իրար: Մեր բարեփոխումներն ուղղված են նրան, որ ամեն ինչ դասակարգենք: Հարկավոր է առարկաների մեջ հմտությունները դարձնել ոչ ավելին, քան 20 տոկոս։ Մենք հիմա միջառարկայական կապերի միջոցով փորձում ենք կրթական համակարգի բուրգը ձևավորել»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարի փոխանցմամբ մինչև սեպտեմբերի 15-ը կլինի կրթության զարգացման` մինչև 2030 թվականի ծրագիրը, որն ունի իր ամբողջական հայեցակարգը՝ սկսած նրանից, թե ի՞նչ նպատակի է ծառայելու կրթությունը, ի՞նչ խնդիրներ է լուծելու երկրում, մինչև կրթական ոլորտի հիմնական ուղղվածությունները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am