Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Խիբուլա» ֆիլմը պատմում է 20-րդ դարի Վրաստանի քաղաքական իրադարձությունների մասին

«Խիբուլա» ֆիլմը պատմում է 20-րդ դարի Վրաստանի քաղաքական 
իրադարձությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ութ տարի առաջ գլխավոր մրցանակի արժանացած վրացի ռեժիսոր Գիորգի Օվաշվիլու «Խիբուլա» կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթում: Այն կենսագրական, քաղաքական, մարդկային դրամա է: Հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին խոսեցին ռեժիսորն ու գլխավոր դերակատարը:

«Այս կինոնկարը իմ նախորդ՝ «Մյուս ափը» և «Եգիպտացորենի կղզին» ֆիլմերի շարունակությունն է: Կինոնկարում իմ տեսակետն եմ արտահայտել 20-րդ դարի վերջին Վրաստանում տեղի ունեցած բացասական իրադարձությունների վերաբերյալ: Ֆիլմը գրեթե չի ցուցադրվել. այն երիտասարդ է, թարմ ու դեռևս  կախված է ինձանից:  Հուսամ, որ այն  ինքնուրույն կդառնա, իր կյանքով կապրի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Օվաշվիլին:

 Նա հավելեց, որ առաջին երկու ժապավենները հեղինակային են, և Վրաստանում ոմանք քննադատեցին դրանք` նշելով, որ այնքան էլ չեն ծառայում երկրին:

Խոսելով ֆիլմի դերակատարի ընտրության մասին` ռեժիսորը նշեց, որ երկար է փնտրել գլխավոր հերոսին ու դժվար է գտել բնավորությունը, որն իրեն պետք էր:

 «Արտաքին նմանություն չէի փնտրում դերասանի և հերոսի միջև: Պատահաբար մի ֆիլմ դիտեցի, որում խաղում էր Հուսեյնը, և որոշեցի համագործակցել նրա հետ: Կարծում եմ` նա հիանալի է կատարել իր դերը»,-շեշտեց նա:

«Խիբուլա» ֆիլմի գլխավոր հերոսի իրանցի դերակատար Հուսեյն Մահջուբն ասաց, որ իր առաջին ճամփորդությունն է Հայաստան, և ինքը շատ զգացված է հայերի ջերմ հյուրընկալությունից:

«Կարճ ժամանակ եմ ունեցել դերը յուրացնելու համար, սակայն ռեժիսորն ինձ շատ է աջակցել, և մենք հաջողել ենք: Կցանկանամ ապագայում ևս աշխատել նրա հետ»,-եզրափակեց դերասանը:

Պատերազմից բզկտված երկրի նախագահական պալատը տեղի է տալիս ապստամբ  ուժերին: Նախագահը փախչում է վարչապետի և իր չորս թիկնապահների ուղեկցությամբ: Նրանք նախագահին խորհուրդ են տալիս արտասահման մեկնել, բայց վերջինս չի ուզում լքել իր ժողովրդին, ցանկանում է միանալ իրեն հավատարիմ զորախմբերին, որոնք պտտվող լուրերի համաձայն, Խիբուլա հեռավոր գյուղում իրեն են սպասում: Ուղևորությունը դժվար է:

Պարզվում է, որ Խիբուլայում հավատարիմ զորքի հետքն անգամ չկա: Նախագահը  սկսում է կասկածել վարչապետի և իր թիկնապահների հավատարմությանը;  Ֆիզիկական ուղևորությունը վերածվում է հոգևոր ճանապարհի դեպի նպատակ, որն անհայտ է նախագահին պաշտպանելու երդում տված մարդկանց:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am