Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

  Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի 
հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կազմակերպությունում և Արցախի օդանավակայանում: Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող ավիասարքավորումներին:

Բելգիացի սենատորը եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում, շրջել մառաններում,արտադրամասերում, ծանոթացել արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև գործարանի հիմնադրման պատմությունը: Յորիս Պոշետն այնուհետև եղել է հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է հնավայրին, Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում լսել քաղաքի պատմությունը: Այնուհետեւ Ստեփանակերտում պատգամավորն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը` Յորիս Պոշետը նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել, որ «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում վստահաբար կդառնա Արցախի տնտեսության զարգացման բանալին: Իսկ իր աղոթքն առ Աստված Բելգիացի սենատորը հղել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:

Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ու արցախցու մասին ստացած իր տպավորություններն ամփոփել է Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողների հետ հանդիպմանը Յորիս Պոշետը նախ հանդես է եկել ներածական խոսքով: Անդրադառնալով իր այցին`սենատորը, չթաքցնելով հիացմունքը, նշել է.

«Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու Արցախի Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների, արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ: Այդ հանդիպումներն ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին: Պետք է ասեմ, որ անչափ ուրախ էի այստեղ լինելու համար և հնարավորության դեպքում ապագայում անպայման նորից կայցելեմ: Հիացած եմ ընդունելությամբ, բնությամբ և համեղուտելիքներով»:

Այնուհետև լրագրողների հետ հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանով: Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am