Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս ընտրություններին քաղաքական ուժերն ու հասարակությունը կարծես փոխհամաձայնության էին եկել. քաղաքագետ

Այս ընտրություններին քաղաքական ուժերն ու հասարակությունը կարծես 
փոխհամաձայնության էին եկել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համար ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին: Նրա խոսքով՝ այս ընտրությունները, կարծես, բոլորի համար հասկանալի ընտրություններ էին: «Այսպես էլ պատկերացնում էինք, համենայն դեպս հստակ առաջին երկու եւ վերջին երկու տեղերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Քաղաքագետն անդրադարձավ հետընտրական զարգացումներին՝ ընդգծելով, որ դրա բացակայությունը, ի հակադրումն նախորդ տարիների, պայմանավորված է այն հանգամանքով, որ այժմ կարծես հասարակությունն ու իշխանությունը փոխհամաձայնության են եկել:

«Հետընտրական զարգացումներ չեղան, որովհետեւ եթե նախորդ անգամները քաղաքական ուժերի ձայները գողանում էին, այժմ տպավորությունն այնպիսին է, որ դրանք գնվել են, այսինքն՝   փոխադարձ համաձայնություն կա.  հիմա ի՞նչ անեին, հասարակության դեմ պիտի դժգոհեին: Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, եւ ընտրությունները նրա համար են, որ մարդիկ ընտրեն այն քաղաքական ուժին, որը լուծում կտա այդ խնդիրներին, սակայն քաղաքական ուժերը եւ հասարակությունը փոխհամաձայնության եկան, կարծես պայմանավորվեցին, որ աչք են փակում բոլոր մյուս խնդիրների վրա  եւ կենտրոնանալու են սոցիալականի վրա»,-նշեց քաղաքագետը:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ որպես նոր ձևավորված դաշինք, որի անունը չէին լսել, «ԵԼՔ»  դաշինքը հիանալի արդյունք  գրանցեց,  բայց որպես հիմնական ընդդիմադիր ուժ՝ դա բավականին թույլ ցուցանիշ է:

«Ոչ մի ընտրության ժամանակ դեռեւս չի եղել, որ հիմնական ընդդիմությունը ստանա ութ տոկոս: Ամեն դեպքում կարծում եմ, որ նրանք որոշեցին ոչ թե հետընտրական պրոցես սկսել եւ մաշեցնել իրենց այդ տոկոսը,  այլ լուռ, հանգիստ առաջ գնալ եւ ավելացնել դրանք. ըստ իս՝ դա ճիշտ քայլ է»,-եզրափակեց քաղաքագետը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան ապրիլի 2–ին, որի արդյունքում առաջիկա խորհրդարանում լինելու են 4 քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» եւ «ԵԼՔ»  դաշինքները, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am