Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ակնկալիքով դիմում է սփյուռքի հայ համայնքներին, նախարարություններին ու ԱԺ պատգամավորներին

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ակնկալիքով դիմում է սփյուռքի հայ 
համայնքներին, նախարարություններին ու ԱԺ պատգամավորներին

 

ԳՅՈՒՄՐԻ, 7  ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը մշակել է ռազմավարական նոր գործառույթներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն հիմնադրամի գործունեությունը: Չնայած նորարարություններին՝ հիմնադրամի միակ նպատակը մնում է  «Տնակից տուն` մեկ քայլ»  կարգախոսը: 
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն   Ղարիբ Հարությունյանը: «Իմ առաջարկով հոգաբարձուներն ընդունել են մի քանի տարբերակներ՝ բացի  բնակարանների նվիրատվությունից, օրինակ, բնակարանների վարձակալության տարբերակը: Կան ընտանիքներ, որոնք տնակները վարձակալում են, և նման դեպքերի համար առաջարկում ենք բնակարանների վարձակալումը: Մյուսը սոցիալական բնակարանաշինության ծրագիրն է: Այս դեպքում սոցիալական բնակարանների ոչ թե սեփականության իրավունքն է փոխանցվում շահառուին, այլ բնակության իրավունքը՝ այդ ընտանիքին տվյալ բնակարանում ցմահ ապրելու, բայց չվաճառելու իրավունքով: Տարբերակ առաջարկվել  է  նաև սոցիալական հիփոթեքը՝ եթե  կան ընտանիքներ, որոնք պատրաստ են հիփոթեքային եղանակով բնակարան ձեռք բերել, բայց ունեն երաշխիքի խնդիր, կամ վճարունակ են, բայց որոշակի խնդիր ունեն բանկերի հետ: Հիմնադրամը կարող է երաշխավորությամբ հանդես գալ, կամ որոշակի տոկոսների փոխհատուցում իրականացնել: Այսպիսով, ըստ ընտանիքի, փորձում ենք լուծման տարբերակներ առաջարկել»,- նշեց   Ղարիբ Հարությունյանը:
Հիմնադրամի խորհուրդը նաև որոշում է կայացրել այսուհետև աշխատել թաղամաս առ թաղամաս սկզբունքով, որն առավել արդյունավետ է: Մինչև հիմա թիրախ ընդունվել է քաղաքի կենտրոնական հատվածը, իսկ այժմ արդեն՝ «Բարեկամության» այգին: Հենց այս տարածքի տնակներն են այս պահին հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Իրականացվում են տնակային այցեր և շահառուների տվյալների բազայի կազմում: Այս պահի դրությամբ «Բարեկամության» այգում կա 48 տնակ: 
Պատասխանատուի տեղեկացմամբ, ըստ Գյումրու քաղաքապետարանի տվյալների, քաղաքում դեռ կա 3090  տնակ:  Դրանց բնակիչներից բոլորը չէ, որ անօթևաններ են, շատ են այն ընտանիքները, որոնք մեծ լինելու պատճառով կիսվել են՝ մի մասը մնացել տնակում, մյուսը տեղափոխվել բնակարան, կամ կան ընտանիքներ, որոնք այլ բնակավայրերից են եկել և տնակ գնել:
«Այս պահին մենք նվիրատվություն կատարելու խնդրանքով դիմել ենք սփյուռքում հայ համայնքներին 1 համայնք՝ 1 բնակարանի նվիրատվության ակնկալիքով, նման մոտեցմամբ դիմել ենք նախարարություններին՝ 1 նախարարություն՝ 1 բնակարան և ԱԺ պատգամավորներին՝ նույն մոտեցմամբ: Առայժմ նվիրատվության խոստում չունենք: Այս պահին հիմնադրամը գործում է միայն Գյումրի համայնքի նվիրատվություններով՝ համայնքի ղեկավարի ողջ աշխատավարձը ու համայնքի աշխատակիցների աշխատավարձի 1 տոկոսը: Ակնկալում ենք, որ այս նախաձեռնությանը՝ միայն կամավորության սկզբունքով, կմիանան նաև այլ կառույցներ»,-նշեց Ղարիբ Հարությունյանը: 
Հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի վերջին: Կառույցի գործունեությունը ղեկավարվում է հոգաբարձունների խորհրդի կողմից՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է հիմնականում նվիրատվությունների միջոցով: «Հիմնական խնդիրը Գյումրին տնակներից ազատելն է՝ տնակում բնակվողներին տուն տալու, տնակը քանդելու և տարածքն ազատելու միջոցով: Նվիրատվությունների միջոցով հիմնադրամին հաջողվել է 18 բնակարան հատկացնել, որոնից 13-ը «Հայէլեկտրացանցեր» ընկերության  կողմից՝ «SOS-Գյումրի» նախագծի շրջանակներում»,-ընդգծեց Ղարիբ Հարությունյանը: Բոլոր 18 բնակարանները տրամադրվել են տնակների տարածքներն ազատելու պարտադիր սկզբունքով:

Արմենուհի Մխոյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ