Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աղքատությունն աղքատնե՛րը չեն ստեղծել. Արտաշես Գեղամյան

Աղքատությունն աղքատնե՛րը չեն ստեղծել. Արտաշես Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածն «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ։ 

Մենք արարում ենք աշխարհը մեր աշխար­հա­յաց­քին համապատասխան: Անհրաժեշտ է հնար գտնել մշտապես փոխելու մեր իրահայեցումը և վերակառուցելու մեր մտածելակերպը ըստ նոր գի­տե­լիք­ների ի հայտ գալուն: Մենք ի զորու ենք վերա­կա­ռուցելու այս աշխարհը, եթե կարենանք վերակա­ռու­ցել մեր պատկերացումը նրա մասին: 

Մուհամմադ Յունուս 

Իր աշխատանքներն ավարտին է մոտեցնում Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովը: Եկել է պահը, երբ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հաշվետու լինի  ընտրողներին, այն քաղաքական թիմին, որի կազմում ընտրվել է խորհրդարանի անդամ, անցած հինգ տարվա ընթացքում կատարածի վերաբերյալ: Այս իմաստով խնդիրս համեմատաբար դյուրին է, քանի որ իմ աշխատանքը, ելույթները խորհրդարանում, միջազգային ատյաններում, հոդվածները, հարցազրույցները զանգվածային տեղեկատվամիջոցներում` ամփոփվել են առանձին լույս տեսած վեց ստվարածավալ ժողովածուում, ինչպես նաև ինը գրքույկում` դառնալով յուրատեսակ հաշվետվություն: Նշեմ, որ այդտեղ զետեղված են մեր երկրի համար հրատապ հնչողություն ունեցող հարցերի իմ լուսաբանումն ու պարզաբանումը` ի դեպ, շատերը թարգմանված ԵԱՀԿ հինգ աշխատանքային լեզուներով, և այդ կերպ մատչելի դառնալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ներկայացված 56 անդամ-պետությունների պատվիրակություններին: Բոլոր այս հրատարակությունները, որոնք տարածվել են ոչ միայն ԵԱՀԿ շրջանակում, այլև հասցեագրվել Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, հանրապետությունում գործող միջազգային կազմակերպություններին, ՌԴ Դաշնային ժողովին` նպաստելով ըստ ամենայնի պատկերացում կազմելու մեր երկրի  արտաքին և ներքին քաղաքականության և հատկապես ԼՂՀ հիմնահարցերի վերաբերյալ: Կարծում եմ, որ այս կերպ ապահովվել է կարևոր մի արդյունք. անցած հինգ տարվա ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընդունած թե բանաձևերում և թե ամենամյա դեկլարացիաներում մեր երկրին, ինչպես և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող հարցերում տեղ են գտել մեզ համար միանգամայն ընդունելի ձևակերպումներ, ավելին` հաճախ ուղղակի համահունչ են եղել խնդրո առարկայի կապակցությամբ ՀՀ Նախագահի գնահատականներին:

Բնականաբար, իմ պատգամավորական գործունեության կարևոր բաղկացուցիչն է կազմել երկրում վարվող տնտեսական քաղաքականության հրապարակային վերլուծությունը: Եվ դա, ըստ իս, օրինաչափ է, քանի որ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելը մեծապես պայմանավորված է հենց այդ քաղաքականությամբ, որի արդյունավետության հրամայականի մասին քանիցս ընդգծել է ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը` մեծ ուշադրություն հատկացնելով երեք հիմնախնդիրների` այն է` աղքատության, գործազրկության նվազեցում, արտագաղթի կրճատում, լուծմանը:

Այս լրջագույն, երկրի անվտանգության ապահովման համար հույժ կարևոր ուղղություններն առաջիկա տարիներին պետք է կազմեն կառավարության և նորընտիր Ազգային ժողովի գործունեության առանցքը` հատկապես հաշվի առնելով ՀՀ նոր Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններից բխող վճռորոշ անելիքները:

Յուրաքանչյուր խնդիր առաջադրելիս հարկ է նախ վկայակոչել վերոնշյալ երեք հիմնահարցերը բնութագրող ցուցանիշները: Այսպես. ըստ ՀՀ Վիճակագրական ծառայության 2016 թ. դեկտեմբերի 23-ին հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն» ժողովածուի (էջ 96), եթե 2013-ի վերջերին աղքատությունը երկրում կազմել է 32 տոկոս, 2014-ին` 30 տոկոս, ապա 2015 թվականի ավարտին` 29,8 տոկոս: Ընդհանուր փոքր-ինչ նվազմամբ հանդերձ` 2015-ին աղքատության մակարդակը հատկապես մտահոգիչ է հետևյալ մարզերում` Շիրակ (45,3 %), Լոռի (36,2%), Կոտայք (35,9%), Տավուշ (35,3%): Արդ` այս ցուցանիշերը համադրենք, դիտարկենք նույն մարզերում գործազրկության մակարդակի հետ: Այսպես. 2016 թվականի երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը հանրապետությունում եղել է 18,1 տոկոս` կազմելով 223,8 հազար մարդ: Նշենք, որ դիցուք, Շիրակում 107000 տնտեսապես ակտիվ բնակիչներից 20300-ը, կամ` 19,98 %-ը եղել է գործազուրկ, Կոտայքում` 124900-ից` 28700-ը, կամ` 22,98%-ը, Լոռիում` 114700-ից` 18100-ը, կամ` 15,8 %-ը («Աշխատանքի շուկան ՀՀ-ում, 2011-2015 թթ.»` էջ 22,126): Աղքատության և գործազրկության մակարդակների այս պարզ համադրումն իսկ հուշում է, որ հենց նշված մարզերում անհրաժեշտ է հրատապ կերպով որոնել, գտնել, ստեղծել նոր աշխատատեղեր: Հարց է ծագում, իսկ այդտեղ կա՞ն նման հնարավորություններ, ռեզերվներ. վստահաբար կարելի է ասել, որ, այո՛, կան: Այսպես, 2016 թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ Վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման հիմնական արդյունքները» տեղեկագրում զետեղվել են հետևյալ թվերը (էջ 51). ՀՀ-ում ընդամենը 346041,68 հեկտար վարելահողերից չի մշակվել 114821,93 հեկտարը, կամ` 33,18 տոկոսը: Այդ թվում` Շիրակում 66393,42 հեկտարից չի մշակվել 13463,74-ը, կամ` 20,28 %-ը, Լոռիում` 31644,25 հեկտարից` 14304-ը, կամ` 45,2%-ը, Կոտայքում` 28029,29 հեկտարից` 17078,39-ը, կամ` 60,9% -ը, Տավուշում` 19575,93 հեկտարից` 9168,72-ը, կամ` 46,8 % -ը: Բերված թվերն իսկ հրամայաբար հուշում են, որ պետք է գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի սակավահող Հայաստանում առավել լիակատար օգտագործվեն հողային պաշարները, հատկապես վարելահողը, ինչն իր հերթին կկրճատի թե գործազուրկների թիվը հիշյալ և այլ մարզերում, հետևաբար և թե կիջեցնի աղքատության մակարդակը:

Մեջբերված տվյալները Վիճակագրական ծառայության պաշտոնական ամենավերջին հրապարակված գրանցումներն են: Արդարությունը պահանջում է ասել, որ անցած երկու տարում գյուղնախարարության ձեռնարկած քայլերի արդյունքում որոշակի դրական տեղաշարժեր են կատարվել վարելահողերի առավել արդյունավետ օգտագործման առումով: Սակայն բավարարվել արածով ակնհայտորեն սխալ կլինի: Ուրեմն` ո՞րն է ելքը, ի՞նչ է հուշում մեզ համաշխարհային փորձը. չէ որ եթե մենք շարունակենք ղեկավարվել սոսկ  անցած ճանապարհը կրկնելով, ապա լավագույն դեպքում կգրանցենք ճիշտ նույնպիսի, թեկուզև դրական, բայց վերջին հաշվով մեզ բնավ չգոհացնող արդյունքներ:

Մտորելով աղքատության հաղթահարման հարցերի շուրջ, հարկ եմ համարում անդրադառնալ նման խնդրի առջև հայտնված բանգլադեշցի բանկիր, տնտեսագիտության պրոֆեսոր Մուհամմադ Յունուսին, որը 2006 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին «Աղքատության դեմ պայքարում ունեցած ներդրման, սոցիալական և տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու համար»: Ըստ նրա` առկա ինստիտուտներն ընդունակ չեն առաջարկելու աղքատության, ինչպես նաև ամեն այլ սոցիալական հիմնախնդրի որակյալ լուծում, քանի որ դրան խոչընդոտում են պետության ցածր արդյունավետությունը, բյուրոկրատիզմը, վերարտադրմանն ու կոռումպացվածությանն նրա հակվածությունը: Բացի այդ, Մ.Յունուսը քննադատում է աղքատության դեմ պայքարի համատարած այն դիրքորոշումը, թե դա պիտի ավի ի հաշիվ աշխատատեղերի ստեղծման, երբ չքավորները դիտվում են որպես ներգործման օբյեկտ, փոխանակ վերաբերվելու նրանց որպես գործունեության անկախ սուբյեկտի, որն ընդունակ է դառնալու ինքնազբաղվող գործարար և նույնիսկ աշխատատեղեր ստեղծելու ուրիշների համար: Բացարձակապես չանտեսելով ՀՀ կառավարության կողմից նոր աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության պահանջվածությունը, կարծում ենք, ժամանակն է, որ դա համալրվի նաև Նոբելյան մրցանակակրի վերն արած սկզբունքային, նորաշունչ, արդեն իսկ ժամանակի փորձությունն անցած առաջարկի տեղայնացմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր բանկային համակարգը կառավարության հետ համատեղ մշակի չունևոր խավերի վարկավորման հասկանալի, ըմբռնելի հայեցակարգ` հիմնված երկու մոտեցումների վրա:

Եվ, վերջապես, ի՞նչ է առաջարկել Յունուսը, որ մինչ այդ անընդունելի էր բանկերի մեծամասնության կողմից: Նախ և առաջ, մինչ բանկերի կողմից առաջարկվող այս հարցադրումը, թե «Վճարունա՞կ են արդյոք աղքատները», նա ինքն է իրեն հարց տվել` «Բանկերն արդյոք ընդունա՞կ են ծառայելու մարդկանց»: Դա հնարավորություն ընձեռեց իրեն նորովի նայել բանկերի կողմից արվող վարկավորումների պրակտիկային: Նրա մոտեցման հաջորդ բաղկացուցիչն այն էր, որ աղքատներին, սակավ ունևորներին տրվեն վարկեր բացառապես պարզագույն ինքնազբաղվածության տեսքով գործարարություն զարգացնելու համար, մինչդեռ Բանգլադեշի բանկային համակարգը կողմնորոշված էր, ինչպես և ամբողջ աշխարհում, նախ և առաջ դեպի սպառողական վարկերի տրամադրումը: Այլ կերպ ասած` Յունուսի  հայեցակարգի կիրառումն այդ երկրում հնարավորություն ընձեռեց միլիոնավոր աղքատների նախ` վարկավորել և ապա վճարունակ դարձնել վերցված վարկերի մարման համար:

Ըստ իս, Հայաստանի բանկային համակարգն ի զորու է կառավարության հետ դաշնակցած` գնալ նույն այդ ճանապարհով, որի արդյունքում բանգլադեշցի բազում աղքատներ, սակավ ունևորներ օգտվել են Յունուսի ղեկավարած Grameen Bank-ի միկրովարկավորումից և թոթափել չքավորության լուծը: Ընդ որում, նշենք, որ այնտեղ վերցված վարկերի վերադարձելիությունը գերազանցել է շուրջ 98 տոկոսը:

Հիրավի, ընդօրինակման գրավի՜չ օրինակ, մանավանդ որ դրա համար մեր բանկային համակարգում կան հուսադրող հիմքեր: Անապացույց լավատեսության տպավորություն չգործելու համար նշենք, որ վերջին ութ տարվա ընթացքում ՀՀ բանկային համակարգը դրսևորել է դինամիկ զարգացման միտումներ. Այդ ընթացքում ակտիվները միջինում տարեկան աճել են մոտ 21 %-ով, վարկերը` 22 %-ով, ավանդները` 21 %-ով (2007 թ. համեմատությամբ այս ցուցանիշերը գրեթե հնգապատկվել են): Սա բանկային համակարգի նկատմամբ բնակչության վստահության աճի խոսուն վկայությունն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ավանդատուների թիվը գերազանցում է 1 միլիոն 100 հազարը: Գոհունակությամբ նշելով այս հանգամանքը, միաժամանակ փաստենք, որ վերջին տարիներին նկատվում է մի մտահոգիչ միտում` տեղ է գտել առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճ, ասել կուզի, որ կան ազատ դրամական միջոցներ, որոնք կարելի կլիներ ծառայեցնել վերոնշյալ միկրովարկավորման նպատակներին: Այսպես, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 2016 թ. հոկտեմբերի տեղեկագրի (էջ 195)` առ 1-ը  նոյեմբերի 2016 թ. առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը  հասել է 8,53 տոկոսի, այն դեպքում, երբ առ 1-ը հունվարի 2014 թ. կազմել է 4 տոկոս, մինչդեռ առ 21.12.2015 թ. այն եղել է 6,98 տոկոս:

Ասելիքս այն է, որ ժամանակը պահանջում է մեզանից մտածողության ոչ իներցիոն, ոչ ստանդարտ մոտեցումներ, որոնք և կապահովեն որակապես նոր ճեղքումներ կյանքի բոլոր ոլորտներում, արմատախիլ կանեն այսնպիսի հոռի երևույթներ, որպիսիք են աղքատությունը, գործազրկությունը և մեծապես դրանցով պայմանավորված արտագաղթը: Ահա այն, ինչը, իմ խորին համոզմամբ, պիտի դրվի նորընտիր Ազգային ժողովի, նորակազմ կառավարության գործունեության հիմքում:

Սույն հոդվածում շոշափեցինք հիմնորոշ խնդիրների ընդամենը մեկ ոլորտ: Իսկ դրանք անտարակույս քիչ չեն և, կարծում եմ, առաջիկայում հնարավորություն կունենամ անդրադառնալու դրանց ևս, քանի որ մենք թևակոխում ենք երկրի համար բախտորոշ մի ժամանակաշրջան, երբ ձևավորվելու են նոր Սահմանադրությամբ խոշոր լիազորություններով օժտված Ազգային ժողով և կառավարություն: Եվ նախընտրական այս փուլում երկրի առջև ծառացած մարտահրավերների շուրջ համակողմանի քննարկումներն անշուշտ պետք է գերիշխող դառնան քաղաքական օրակարգում: Միայն այդ դեպքում հասարակությունը ևս կդառնա այդ քննարկումների ակտիվ մասնակիցը և, իհարկե, հետագա պահանջատերը:

Խոսքս ավարտեմ Մուհամմադ Յունուսի և նրա համահեղինակ Ալան Ժոլիի «Ստեղծելով առանց աղքատության աշխարհ. սոցիալական բիզնեսը և կապիտալիզմի ապագան» (Создавая мир без бедности: Социальный бизнес и будущее капитализма/Мухаммад Юнус, Алан Жоли, 2010) հանրահայտ աշխատությունից մի հատվածի մեջբերմամբ. «Ես համարում եմ, որ մենք ընդունակ ենք կառուցել աղքատությունից ազատ աշխարհ, քանի որ աղքատությունն աղքատնե՛րը չեն ստեղծել: Այն ստեղծվել ու պաշտպանվում է մեր մշակած տնտեսական և սոցիալական համակարգի, այդ համակարգը կազմող ինստիտուտների և հայեցակարգերի կողմից, մեր վարած քաղաքականությամբ»: 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am